Ապրիլի 15-ին՝ ժամը 11-ի դրությամբ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 44 նոր դեպք է գրանցվել: Հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալով՝ վարակվածների թիվը հասել է 1111-ի: Փաստացի այս պահին բուժվում է 797: Ապաքինվել է 297 անձ, 17 պացիենտ մահացել է:

Ժողովուրդը կարող է ցանկացած պահի անել նոր հեղափոխություն, մեզ այստեղից քշի, բերի այն հին բարի ժամանակների պաշտոնյաներին, որոնք ցածր աշխատավարձ էին ստանում եւ լափում էին պետական համակարգը, փայ էին մտնում բիզնեսներում եւ այլն։ Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ փաշինյանն՝ անդրադառնալով իշխող խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանի դիտարկմանը, թե վերջերս ավելի ակտիվորեն է շահարկվում պաշտոնյաների պարգեւավճարների թեման։ Փաշինյանն ասել է, թե պատգամավորն իրեն տեղյակ էր պահլե, որ տալու է այդ հարցը, եւ ինքը հետը իր ձայնագրությունն է բերել։

Քաղավիացիայի ոլորտում տիրող իրավիճակի մասին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Կարեն Սիմոնյանի հարցին ի պատասխան Փաշինյանն ասել է, թե դրան տեղյակ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի զգուշացումից հետո: Վարչապետը պատմել է, որ Քաղավիացիայի կոմիտեի պաշտոնյան չի զեկուցել կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանին եւրոպացի պաշտոնյաների ստուգման արդյունքի մասին, հետո այդ պաշտոնյան ազատվել է աշխատանքից, որ երկու քրեական գործ է հարուցվել, եղել են պաշտոնանկություններ:

Մինչեւ այդ խորհրդարանի հերթական նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունից դուրս է եկել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի ելույթի ժամանակ։ Գրիգորյանը հիշեցրել է Մարուքյանի՝ նախորդ օրվա ելույթը, վերջինը սակայն տեղից ընդհատել է նրան բացականչելով՝ «Դու ո՞վ ես»։

Ամբիոնից ելույթ ունենալով Էդմոն Մարուքյանը հայտարարել է, թե խորհրդարանի բնականոն գործունեությունը չի ապահովվել եւ նկատողությունների հետ կապված տպավարություն է ստացել, որ իշխանություն է ընկել ձեռքները՝ չգիտեն ինչպես օգտագործել։

Արձագանքելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի դիտարկմանը, թե նա կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխումը, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքում գրել է, թե հազարավոր քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է կարևոր են համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության հարցը, եւ նրա մասին խոսել ավազանի անունով՝ քաղաքացի Կտրիճ Ներսիսյան:

Նախկին պատամավոր Վահան Բաբայանը համոզված է, որ Ալեն Սիմոնյանն ու Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը առանց Փաշինյանի ուղիղ հրահանգի նման բան չէին ասի։

«Հայաստան» հիմնադրամի նախկին գրծադիր տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանն էլ ակնկալում է, որ նախկին նախագահի խափանման միջոցը փոխելու կոչ պետք է անի նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։

Վեհափառի մասին անհարգալից ձևակերպումներով թիրախավորում ենք ազգային եկեղեցին, որը շատ ավելի լուրջ հակառակորդներ է ունեցել և հաղթել, ու հաղթելու է, Արձագանքելով Ալեն Սիմոնյանին ու Ստյոպա Սաֆարյանին՝ ֆեյսբուքում գրել է փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ Այդպես էլ չսովորեցինք հարգել պետության մեջ գործող համակարգերը եւ սրա համար դեռ շատ ենք տուժելու,– գրել է նա:

Ինձ թվում է, որ համաճարակն արդեն հոգևոր բնույթ է ձեռք բերում պետական պաշտոնյաների շրջանում։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին անպատասխանատու հայտարարությունները ձեռք են բերում մառազմատիկ բնույթ։ Սա էլ ծայրագույն վարդապետ Շահե Անանյանի արձագանքն է։ «Երևի Հայոց Հայրապետը մոռացել էր ԱԺ փոխխոսնակից թույլտվություն հարցնել․․․ Հազարավոր հրաժարական պահանջողների կողքին կան նաև այդ պահանջին դեմ միլիոնավոր հայորդիներ։ Եվ ի դեպ, Հայաստանում քաղաքացի Կտրիճ Ներսիսյան կարծեմ չկա. կաթողիկոսի անձնագրի մեջ, գրված է Գարեգին Բ, Կաթողիկոս Ամենայն Հայոց։ Սա առ ի տեղեկություն, քաղաքացի Ալեն Սիմոնյանին, գրել է բարձրաստիճան հոգեւորականը։

Թեմային արձագանքել է նաեւ Մայր Աթոռը։ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հայտարարությունում ասվում է, որ Վեհափառ Հայրապետի կեցվածքն ամբողջապես համահունչ է Քրիստոսի Սուրբ Եկեղեցու մարդասիրական առաքելությանն ու դավանած արժեքներին։ Հետևաբար, հարկ է չքաղաքականացնել Վեհափառի դիրքորոշումը և տրվել անպտուղ բանավեճերի։

Ես չեմ ուզում գնահատակ տալ Հայաստանի արդարաադատական համակարգի գործունեությանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է նախնական արդյունքներով Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը, պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու նկատմամբ իր վերաբերմունքի մասին հարցին: Հարությունյանը հիշեցրել է, որ ժամանակին իր գլխավորած կուսակցությունը դիմել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կոչով:

Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ երկրից չհեռանալու մասին ստորագրությունը չի վերացվի։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից կես մլրդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 2 միլին մարդ, մահացել 127 հազարը, ապաքինվել՝ 485 հազարը: Ամենից շատ դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում՝ վարակման 614 հազար եւ մահվան 26 հազար դեպք: Իսպանիայում գրանցվել է վարակման 174 հազար եւ մահվան 18 հազար 255 դեպք, Իտալիայում վարակման 162 հազար 500 եւ մահվան 21 հազարից ավելի դեպք:

Իտալական «Ռոման» չի պատրաստվում հրաժարվել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից: «Ռոման», չնայած ֆինանսական լուրջ խնդիրներին, պատրաստ է Մխիթարյանի տրանսֆերային իրավունքի դիմաց «Արսենալին» վճարել լոնդոնյան ակումբի պահանջած ամբողջ գումարը՝ 20 միլիոն եվրո: «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մտադիր է Մխիթարյանին օգտագործել որպես երկրորդ հարձակվող՝ Էդին Ջեկոյի կողքին:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.60 դրամով եւ հասել 486.12 դրամի: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.22 դրամով ու կազմել 531.52 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.66 դրամով ու կազմել է 608.62 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 դրամով ու կազմել 6.57 դրամի։

Հայաստանում ապրիլի 16-ին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +18+20: