Պարոն Մարուքյանի ասածի մեջ կա որոշակի ճշմարտություն: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ վերջինս նշել էր, որ իշխանությունների ներկայացրած նոր նախագծով բանկային գաղտնիքի ինստիտուտը Հայաստանում ստանում է վերջնական մահացու հարվածը։
«Մի փոքր նաեւ չափազանցված է ազդեցությունը: Կարծում եմ նաեւ, որ գլոբալ ֆորումի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների առումով բանկային գաղտնիքը որոշակի բացելու հետ կապված պարտավորությունների շրջանակում մենք դեռեւս անելիքներ ունենք: Այն, ինչ հայտարարել ենք եւ այն տեղեկատվությունը, որ տրվել է, խորհուրդ կտամ հետեւեք լրատվությանը, մենք այսօր նոր հաղորդագրություն ենք տարածելու, որովհետեւ հնարավոր է, որ մեր հայտարարությունները տարընկալումներ են առաջացրել հանրության մոտ: նաեւ կարծում եմ՝ պարոն Մարուքյանի մոտ կաորղ են որոշակի տարընկալումներ լինել»,-ասաց Անանյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Էդմոն Մարուքյանը գրառում էր արել, որտեղ նշել էր. «Այսօր հրապարակվել է նոր օրենսդրական նախագիծ, որով վերջնականապես ոչնչացվում է բանկային գաղտնիքը։ Համաձայն այդ նախագծի բանկերը պարտավորվում են անձանց բանկային հաշիվների, հաշիվներում առկա գումարի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել հարկային մարմիններին։Նախկինում դա հնարավոր էր բացառապես դատարանի թույլտվությամբ։
Այս նախագծի ընդունման հետևանքը լինելու է այն, որ բոլորն իրենց ֆինանսական միջոցները հանելու են բանկերից, խուսափելու են Հայաստանում գործարարությամբ զբաղվելուց»:
Անգամ «հանցագործ ռեժիմը» նման ոտնձգության չի գնացել բանկային գաղտնիքի նկատմամբ. Մարուքյան











