Ունեմ անկողնային 1-ին կարգի հաշմանդամ հայր, 11 եւ 13 տարեկան տղաներ, ապրում եմ Վարդաշենի հանրակացարանում: Աշխատանք չունեմ, քանի որ հաշմանդամ հայրս իմ խնամքի տակ է: Այս մասին հայտարարեց կինը, որին ուղիղ եթերում զանգահարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կինը նշեց, որ հունվարից տան լույսն անջատած է. «Հարեւանից մի փոքր լարով հոսանք ենք քաշել: Որեւէ օգնություն չեմ ստացել, միայն ԲՀԿ-ն ինչ-որ տոպրակներ է բաժանել բակում, մի տոպրակ ինձ ուղարկել են»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ իրենք հակաճգնաժամային 9-րդ միջոցառման շահառու են եւ յուրաքանչյուր երեխայի համար 26500 դրամ օգնություն պետք է ստանան, կարող են դիմել եւ ստանալ: Պարզվեց, որ տանը համակարգիչ չունեն, նաեւ ինտերնետն չունեն. «Երեխաները չեն կարողանում հեռավար դասերի մասնակցել: Ես դասղեկին էլ եմ ասել, նախարարություն էլ եմ զանգել: Հիմա իմ երեխաների՞ն ինչ են անելու, 5 են դնելու փոխադրեն հաջորդ դասարա՞ն»,-հարց ուղղեց կինը:
Պարզվեց նաեւ, որ 9-րդ միջոցառումից չի կարող օգտվել քանի որ նպաստառու են եւ այս անգամ նպաստը 10 հազարով ավել է եղել, ինչպես նախատեսված է հակաճգնաժամային աջակցության ծրագրերից մեկով:
ՀՀ վարչապետը խոստացավ զբաղվել երեխաների կրթության հարցով. «Կմտածեմ, թե ինչով կարող եմ օգնել, որ նաեւ երեխաների հարցը լուծվի»:











