ՃՏՊ-ների թվի աճի գլխավոր պատճառներից մեկը վարորդների անբարեխիղճ պահվածքն է: Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` ներկայացնելով իր ղեկավարած գերատեսչության գործունեությունն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին:

Ինչ վերաբերում է վարորդների անբարեխիղճ պահվածքին, Գլխավոր դատախազը որպես անհրաժեշտ լուծում նշեց պատժի խստացման կարեւորությունը առավել կոպիտ խախտումների համար, ինչպիսիք են հարբած ավտոմեքենա վարելը եւ անցնելը կարմիր լույսի տակով: Միեւնույն ժամանակ, հաճախ պատահարների պատճառ է դառնում ճանապարհների վատ հագեցվածությունը, նշանների բացակայությունը եւ լուսավորությունը:

«Ուսումնասիրություններ են իրականացվում, թե որ հատվածներում են ավելի շատ պատահարներ են տեղի ունենում: Եթե որեւէ հատվածում պատահարները շատ են, դա նշանակում է, որ պետք է փոխել երթեւեկության կազմակերպումը: Օրինակ, Երեւան-Էջմիածին ճանապարհին ինքնաբուխ շուկա կար: Վերլուծությունը ցույց է տվել, որ վթարների մեծ մասը կապված է դրա հետ: Շուկայի տեղը փոխվեց` պատահարների թիվը նվազեց: Մեր նպատակն է բացահայտել ճանապարհային երթեւեկության սխալ կազմակերպումը եւ միջոցներ առաջարկել իրավիճակը շտկելու համար»,- նշեց Դավթյանը: