Մայիսի 5-ը  Հայաստանում սկսվել է սահմռկելի լուրով։ Երիտասարդ հայրը բարձրահարկից ցած է նետել 2 մանկահասակ երեխաներին եւ հետո ինքն է ցած նետվել։  Ժամը 8-ն անց 6 րոպեին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հարավ-արեւմտյան Բ2 թաղամասի  91 համարի շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքն է ցած նետվել մյուս երեխայի հետ:

Դեպքի առթիվ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Պարզվել է, որ 40-ամյա տղամարդու նախկին կինը եւ երեխաները՝ 7-ամյա տղան եւ 5-ամյա աղջիկը, հյուրընկալվել են այդ հասցեում: Քննիչները մի շարք վարկածներ են առաջ  քաշել:

Մալաթիա–Սեբաստիա համայնքում տեղի ունեցած ողբերգական դեպքից ընտանիքին ճանաչող հարեւանները ցնցված ու զարմացած են։ Հարևանների տպավորությամբ հանգիստ, նորմալ ընտանիք է եղել։ Հարեւանները տեղեկություն չունեն մամուլում շրջանառվող՝  ամուսինների  ամուսնալուծված լինելու լւրերի մասին։  Հարևանները նաև չեն լսել, որ տղամարդը որևէ հոգեկան խնդիրներ ունենար։ Այդ պարագայում ինչպես կարող էր ծառայել սահմանապահ զորքերում,– ասել է հարևաններից մեկը՝ նշելով, որ ինքնասպանը ծառայել է Ռուսաստանում։

Զորացրվելուց եւ թոշակի անցնելուց հետո տղամարդը մի քանի ամիս աշխատել է Երեւանի քաղաքապետարանի թանգարանում։ Վերջին 3-4 ամիսը չի աշխատել։ Ռուսաստանից ընտանիքը մեկ տարի առաջ էր վերադարձել, 3-ից 4 տարի եղել են Ռուսաստանում։ Ֆինանսական խնդիր չի ունեցել, որովհետեւ բարձր թոշակ էր ստանում։ Շենքի լիազորն ասել է, որ ամուսինները բաժանված չեն եղել։ Դեպքի պահին կինը տանն է եղել։

Հարեւանները նշում են, որ տղամարդն իր երեխաներին շատ էր սիրում։ Վերջին անգամ տեսնելիս՝ հարցրել է որպիսությունը, նա էլ ասել է, թե գնում է երեխաների համար պաղպաղակ բերելու։

Երեկ երեկոյան ժամը 19-ի կողմերը, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքների ընթացքում ականի պայթյունից մահացել է մայոր Տարոն Ռուբիկի Պողոսյանը: Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից Էրիկ Գրիգորյանի աշխատանքից ազատվելու մասին կեսօրից տարածվող լուրերը երեկոյան հաստատվեցին։ Ըստ պաշտոնական աղբյուրի Գրիգորյանն ազատվել է վարչապետի առաջարկով եւ նախագահի հրամանագրով։

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 112 նոր դեպք է գրանցվել, մահացել է եւս 1 մարդ: Ընդհանուր առմամբ՝ մայիսի  5-ին հաստատվել է կորոնավիրուսի 2619 դեպք: Փաստացի այս պահին բուժվում է 1462 մարդ, վերջին տվյալով՝ ապաքինվել է 1111-ը, 40 պացիենտ մահացել է:

Նախօրեին կորոնավիրուսից մահացած պացիենտը եղել է 64  տարեկան կին և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Ըստ առողջապահության նախարարության՝ նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 6 է։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության տարածման մի սցենարը,   որը, նրա խոսքով, բարեբախտաբար դեռ տեղի չի ունեցել։ Նա լուսանկար է հրապարակել եւ նշել. «Նկարում այդ սցենարի հաշվարկներն են։ Դեպքերի ընդհանուր թիվ՝ 524.032, որից ծանր՝ 26.202։ Պահանջվող մահճակալների թիվ պիկի ժամանակ՝ 12.445։ Այս պահին առանձնացված է մոտ 1550 մահճակալ, իսկ ամբողջ երկրի մահճակալային ֆոնդը մոտ 12.000 է»:

Կամ մեզ են խաբում կամ այս պետական ապարատը չի աշխատում, որովհետեւ 2-3 օրվա ընթացքում կարելի է շատ արագ յուրաքանչյուր սոցիալապես անապահով ընտանիքին տեղորոշել եւ հասցեական այդ օգնությունը հասցնել։ Այս մասին ասուլիսին ասել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանը։ Անպատասխանատու կամ ցայտնոտային իրավիճակում ինչ-որ հապճեպ որոշումներ կայացնելու իրավիճակ եմ տեսնում, որն անթույլատրելի է, ասել է նա։

Պայմանագրային զինծառայողներից պահանջել են վերադարձնել ստացած 26500 դրամները, Ազգային Ժողովում  հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությքւնից Շաքե Իսայանը։ Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 9-րդ ծրագրով պետք է օժանդակություն ստանային մինչեւ 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, որոնցում 2 ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք, հետո պարզվել է, որ պայմանագրաիններն աշխատող են համարվում եւ որոշվել է հետ գանձել այդ օգնությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արգիշտի Քյարամյանն ազատվել է Քննչական կոմիտեում նշանակված պաշտոնից եւ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Ի դեպ, նա հենց երեկ էր նշանակվել եւ  նոր պաշտոնում հասցրել է աշխատել ընդամենը մեկ օր։  Երեկ Քյարամյանն ազատվել էր Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել ՔԿ նախագահի տեղակալ: Հետաքրքիր է նաեւ, որ Քյարամյանը Քննչականի նախագահի 5-րդ տեղակալն էր, իսկ այդ հաստիքը ավելացվել էր ապրիլի 30-ի կառավարության որոշմամբ: Մամուլը գրել էր, որ ԱԱԾ ղեկավար կազմում աշխատելու համար օրենքը պահանջում է, որ  անձը պետք է իրավապահ համակարգում աշխատանքի ստաժ ունենա եւ այս միջանկյալ պաշտոնն այդ ստաժն ապահովելու համար էր։ Արգիշտի Քյարամյանը 29 տարեկան է, վերջին 4 տարում բազմաթիվ պաշտոնների նշանակվել ոստիկանությունում, ՊԵԿ-ում, դատախազությունում։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.67 դրամով ու հասել 480.67 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.55 դրամով  ու կազմել  521.38 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.36 դրամով ու հասել 598.10 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.13 դրամով ու  կազմել 6.49 դրամ։

Մայիսի 6-ին՝ գիշերային ժամերին եւ օրվա երկրորդ կեսին Հայաստանի մարզերի մեծ մասում եւ Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Մինչեւ շաբաթվա վերջ օդի ջերմաստիճանը էական փոփոխություններ չի կրի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +10+12, վաղը ցերեկը՝ +20+22։