Ես ներողություն եմ խնդրել տիկին Սամսոնյանից նման ձեւով արտահայտվելու համար, նաեւ ներողամտություն եմ հայցել քաղաքացիներից Էդմոն Մարուքյանի հետ կապված դեպքի պարագայում, բայց իրենց կողմից արձագանք չի եղել: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Միգուցե ես պետք է ավելի զուսպ լինեի, բայց կարծում եմ, որ մենք նաեւ այն կողմից պետք է նման բան տեսնենք, որը չենք տեսնում: ՀՀ քաղաքացիներից ներողություն չխնդրել՝ ասելով, մենք կլասիկ պատգամավորներ ենք, ես կարծում եմ բանալին, սկիզբը այդտեղ է: Քաղաքական գնահատականները մնալու են, վիրավորանքները, որոնք ցավոք սրտի, որ հնչել են դահլիճում, ստացել են պատասխան հենց դահլիճում, որի համար կրկին ցավում եմ, եւ ստանալու են: Հիմա գնդակն իրենց դաշտում է, իրենք պետք է նախեւառաջ ներողություն խնդրեն ՀՀ քաղաքացիներից: Չնայած տեղին կլիներ, որ պարոն Մարուքյանը ներողություն խնդրեր ԱԺ դահլիճում գտնվողներից, իր ընտրողներից, ինչպես նաեւ ինձնից, բայց ՀՀ քաղաքացիներից երկուսն էլ ներողություն խնդրելու շատ մեծ տեղ ունեն»:











