Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին մարտերը շարունակվում են։ Հարաբերական խաղաղ գիշերից հետո հուլիսի 14-ը ադրբեջանական կողմը սկսել է  դեպի հայկական դիրք տանկի շարժով, որը հայկական կողմի կրակով կասեցվել է։ Հակառակորդը վերսկսել է խաղաղ բնակավայրերին հարվածները, մասնավորապես հարվածային անօդաչու թռչող սարքով փորձել է թիրախավորել Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Քիչ անց պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ

Հայկական հակաօդային ուժերը  խոցել են Ադրբեջանի կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ։ Այնուհետեւ ադրբեջանական կողմը խոստովանել է ադրբեջանական բանակի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի եւ գնդապետ Իլգար Միրզաեւի սպանվելու փաստը. Հաշիմովը 3-րդ կորպուսի շտաբի պետն էր, Միրզաեւը՝ նույն կորպուսի հրետանու պետը: Հաղորդվել է նաեւ ադրբեջանցի 2 մայորի, 2 պրապորշչիկի եւ մեկ ժամկետայինի մահվան մասին։

Ցավոք, կորուստներ ունի նաեւ հայկական կողմը. հակառակորդի կրակից զոհվել են մայոր Գարուշ Համբարձումյանը եւ կապիտան Սոս  Էլբակյանը: 31-ամյա մայոր Գարուշ Համբարձումյանը Այգեձորից էր, ուներ երկու որդի։

Կապիտան Սոս Էլբակյանը 28 տարեկան էր, Շիրակի մարզի Մարմաշեն համայնքից, ամուսնացած չէր, բնակվում էր ավագ եղբոր եւ ծնողների հետ։

Ավելի ուշ ունեցանք եւս երկու կորուստ։ Զոհվել են ժամկետային զինծառայողներ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Երկուսն էլ կրտսեր սերժանտ էին։ 

Դեռ առավոտյան «Զինուժ» մեդիան հայկական բանակի պատժիչ գործողությունների մասին տեսանյութ էր հրապարակել: «Հայկական Զինված ուժերի ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը»,- նշված է կից գրառման մեջ:

Մի քանի ժամից «Զինուժը» երկրորդ տեսանյութն է տարածել, որտեղ երեւում է, թե ինչպես է հայկական բանակը պատժիչ գործողություններ իրականացնում գիշերը:

Երեկոյան պաշտպանության նախարարությունը հերթական տեսանյութն է տարածել, որտեղ երեւում է, թե ինչպես են հայկական հակաօդայինները խոցում  Ադրբեջանի իսրայելական արտադրության «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքը: Մասնագետները նշում են, որ այս խոցումն առաջինն է բամամիլիոնանոց այս սարքի պատմության մեջ։

Ադրբեջանական զինուժը գնդակոծել է  Չորաթան գյուղում գտնվող «Տավուշ Տեքստիլ» ընկերությունը։ Ֆաբրիկայի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, մարդկանց տարհանել են։ «Կորուստ չունենք։ Մեր տղաները դրանց բերանը լավ փակել են,  անհանգստանալու կարիք չկա»,- ասել է  ընկերության տնօրենը։

Հայաստանի քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը, Facebook-ի իր էջում գրել է արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը եւ ավելացրել՝ կատարվածի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:

Հայկական զինված ուժերը իրենց առջեւ դրված խնդիրը իրականացնում են բարձր մակարդակով, «Ազատություն» ռադիոկայանին հայտարարել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որն այսօր մասնակցում էր իր, Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի դատավարությանը։ Սա լոկալ ընդհարում է, որին մեր Զինված ուժերը, մեր հանրությունը պետք է պատրաստ լինեն, ասել է Սեյրան Օհանյանը եւ համոզմունք հայտնել, որ Հայաստանի Զինուժը եւ Արցախի Պաշտպանության Բանակը պատրաստ են ցանկացած՝ ոչ միայն պաշտպանական, այլ նաեւ կանխարգելիչ, պատժիչ, պարտադրող գործողությունների:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկի տեսանյութն է տարածել, որտեղ արտասանում է Հովհաննես Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը:

Արտասանելուց առաջ նա հիշեցրել է, որ այն գրվել է 1915-ի Հայոց ցեղասպանության օրերին, եւ ավելացրել. «Ինձ թվում է, որ այդ բանաստեղծության վերջում Թումանյանը գրել է մեր մասին, այսօրվա մասին»:

Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով, դարձնելով թիրախ, ու բողոքում է, որ Հայկական ուժերից այդ ուղղությամբ կրակ է արձակվել, գրում է Razm.Info-ն, որն արբանյակային լուսանկարներով ներկայացրել է Թովուզի շրջանի՝ առաջնագծից շուրջ 10կմ հեռավորությամբ գտնվող ադրբեջանական Դոնդար Ղուշչու գյուղը, որի շուրջբոլորը հրետանային մարտկոցների դիրքեր են:

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես անհանգստացած է հայ-ադրբեջանան սահմանին ծանր զինատեսակների կիրառման և դրա հետևանքով կորուստների կապակցությամբ, հայտարարել է նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը: «Գլխավոր քարտուղարը կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները  և զերծ մնալ հրահրող հռետորաբանությունից»,- նշված է նրա հաղորդագրությունում:

ՀԱՊԿ-ի քարտուղարությունը եւս լուրջ մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ: «Ներկայիս իրավիճակը չի նպաստում իրավիճակի կարգավորմանը երկու հարեւան երկրների սահմանին, որոնցից մեկը ՀԱՊԿ անդամ Հայաստանն է, եւ վկայում է հրադադարի ռեժիմի խախտման մասին: Ընդգծում ենք հրադադարի անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում», ասված է հայտարարությունում:

ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստին կազմակերպությունում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը հայտարարել է, որ այս աննախադեպ իրավիճակը կարևոր փորձություն է ՀԱՊԿ-ի համար։ Նա մանրամասնել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, խստագույնս դատապարտել Թուրքիայի՝  տարածաշրջանում անկայունություն հրահրելու փորձերը: Կոչ ենք անում մեր դաշնակիցներին դրսևորել համերաշխություն և փոխաջակցություն` համահունչ ՀԱՊԿ կանոնադրության ոգուն և տառին, ասել է նա։

Կրեմլը խորապես անհանգստացած է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած փոխհրձգությամբ եւ կողմերին զսպվածության եւ հրադադարի կոչ է անում, հայտարարել է Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանը պատրաստ է գործադրել իր միջնորդական ջանքերը կարգավորման համար»,- հավելել է նա։

Պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսը հայտարարել է, թե Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է հայ-ադրբեջանական պետական սահմանին ուժի կիրառումը: «Կոչ ենք անում կողմերին անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել գոյություն ունեցող կապի միջոցները՝ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար եւ խստորեն պահպանել հրադադարը»,- շեշտել է նա:

Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին էլ ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ղարաբաղյան շրջանի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը չի փոխվել: «Մենք կարծում ենք, որ այս երկու հարեւան երկրները պետք է իրենց վեճերը լուծեն խաղաղ ճանապարհով, եւ Իրանը միշտ պատրաստ է օգնել այդ հակամարտության կարգավորմանը», նշել է Մուսավին։

Հայամետ հայտարարություն է հնչել օվկիանոսի մյուս ափից։ Գվատեմալայի Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանան դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի հանդեպ։ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մանուել Կոնդե Օրելյանան էլ գրել է, որ պատգամավորների մեծ մասն է դատապարտում  Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները։

Ճակատագրի բերումով, մինչ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը գլխավորում է Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանի պաշտպանության գործը, նրա հայրը՝ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի եւ մյուսների դատավարությունը շարունակվում է։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը միջնորդել էր 300 հոդվածի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու մասին: Պաշտպանների կարծիքով՝ առանց 300 հոդվածի սահմանադրականության որոշման անհնար է առաջադրված մեղադրանքը գնահատել:

Դատավոր Աննա Դանիբեկյանը կողմերին լսել է եւ որոշել, որ մինչեւ դատավարության համար կարեւոր հանգամանքների պարզվելն անհնար է որոշում ընդունել:

Հայաստանում մահացել է եւս 9 կորոնավարակակիր եւ նրանց ընդհանուր թիվը հասել է 765-ի։ Անցած մեկ օրում գրանցվել է վարակվելու 339 նոր դեպք՝ հասնելով 32490-ի:

Մահերի թիվն ավելացել է 8-ով ու հասել 581-ի: Նրանցից ամենաերիտասարդը 50-ամյա տղամարդ է։  COVID-19-ով վարակված, սակայն այլ հիվանդությունից մահացածների թիվը 184 է: Արցախում հաստատվել է վարակման եւս 5 դեպք։ Այստեղ, ընդհանուր՝ 153 վարակվածից  124-ն ապաքինվել է։

Դիլիջանի, Մարտունու, Վեդու և Սպիտակի բժշկական կենտրոնները լիովին վերապրոֆիլավորվել են և միացել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին:

Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը հայտնել է, բուժկենտրոնների աշխատակիցների համար դասընթացներ են կազմակերպվել մի շարք ուղղություններով:

Գյումրիում երեկ տեղացած անձրեւն ու կարկուտը աննախադեպ իրավիճակ էր ստեղծել երկրի երկրորդ քաղաքում։ Ճգնաժամային կառավարման կենտրոնը 780 ահազանգ է ստացել։ Կեսգիշերն անց Երեւանից Գյումրի լրացուցիչ փրկարար ուժեր են մեկնել՝ ջրահեռացման 3 մոտոպոմպով։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 130 ավտոմեքենա, 30 քաղաքացի տեղափոխվել է անվտանգ վայր։ Շինությունների ջրահեռացման աշխատանքները շարունակվում են։

ԱՄՆ դոլարի փոխարժեք նախորդ օրվա համեմատ նվազել է 0.92 դամով ու կազմել  485.62 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.95 դրամով ու հասել  551.66 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 5.34 դրամով  ու կազմել  607.90 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 դրամով ու կազմել 6.82 դրամ։

Հուլիսի 15-18-ն առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, որոշ վայրերում սպասվում է նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երեւանում վաղը անձրեւ կտեղա։ Գիշերը մայրաքաղաքում կլինի 21-23 աստիճան, վաղը ցերեկը 34-36 աստիճան զրոյից բարձր։