Չեմ կարծում, որ ռուս-թուրքական հարաբերություններում Հայաստանը շատ արագ կարող է մղվել հետին պլան: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշեց Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը:
Հարցազրույցը ստորեւ.
Ինչ ապագա կարող է ունենալ թուրք-ամերիկյան հարաբերությունները երբ Թուրքիան չի հրաժարվում ռուսական S 400-ներից, իսկ Ամերիկան իր ռազմաօդային ուժերին է հանձնում Թուրքիայի համար նախատեսված F32 կործանիչները:
Թուրք-ամերիկյան հարաբերությունները շատ հետաքրքիր էվոլուցիա են ապրում ներկայում եւ այդ հարաբերությունները փոխում են իրենց ավանդական բնույթը, եթե նախկինում դրանք ավագ գործընկերոջ եւ կրտսեր եղբոր հարաբերություններ էին, կամ Թուրքիան ընկալվում էր որպես ամերիկյան շահերի ներկայացուցիչ ու պաշտպան այս տարածաշրջանում, հիմա արդեն վաղուց Թուրքիան վարում է ինքնուրույն քաղաքականություն եւ ոչ միշտ են նրա քայլերը համապատասխանեցված ամերիկյան գլոբալ նպատակներին: Սկզբից դա թվում էր ուղղակի հնարք է երկու պետությունների միջեւ, բայց տարբեր դեպքեր, նաեւ S400-ների հետ կապված, ցույց տվեցին, որ այդ հարաբերություններում, ըստ էության, հաստատվել են նոր ռեժիմ: Այդ նոր ռեժիմի պարագայում, կարծում եմ՝ մենք չպետք է ակնկալենք, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները լիովին կփլուզվեն, կամ կտապալվեն, կամ կվերանա դրանց դաշնակցային բնույթը, այլ պետք է մենք ընկալենք, որ այդ հարաբերությունները թեւակոխում են նոր ռեժիմ, որը թելադրում է իր խաղի կանոնները: Այսինքն S400-ների հետ կապված Թուրքիայի ինքնուրույն քայլերը եւ Ամերիկայի հակաքայլերը, բայց գլոբալ ու խորքային համագործակցությունը, կարծում եմ՝ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ դեռ երկար ժամանակ մնալու է եւ չի ունենալու շատ մեծ այլընտրանք:
Վերջին օրերին քննարկվում է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցը: Ինչու է Թուրքիան գնում Հունաստանի հետ հարաբերությունների սրման, ոչ միայն Սուրբ Սոֆիայի տաճարի հարցում, այլեւ Կիպրոսի ջրերում նավթի որոնողական աշխատանքների:
Թուրք-հունական հարաբերություններն էլ կարող ենք ասել, որ գտնվում է ստաբիլ լարվածության փուլում եւ անկախ նրանից, որ նրանք ՆԱՏՕ-ի դաշնակիցներ են, այդ հարաբերությունները տասնամյակներ ունեցել են տարբեր էսկալացիոն փուլեր, անգամ հասել են կիսապատերազմական վիճակի, իսկ 1974 թվականին Կիպրոսի մի հատվածի զավթումն ըստ էության դրա ամենացայտուն դրսեւորումն է:
Ջրային տարածքում թուրքական ակտիվությունը պետք է տեղավորել նրանց նոր տեսության մեջ, որը նրանք անվանում են «Ծովային հայրենիք»: Դա նույնպես նրանց ծավալապաշտական, ամբիցիոզ ծրագրերից է, որ Թուրքիան գերիշխող է ոչ միայն ցամաքում, օդում, այլ նաեւ ջրում, եւ ինչպես Թուրքիան է ասում՝ իրենք ծովում ոչ թե հյուր են, այլ տեր: Բնական է, որ ծովային հատվածում թուրքական շահերը պետք է բախվեն տարբեր երկրների շահերի հետ: Մի հատվածը առնչվում է Հունաստանի, Կիպրոսի խնդիրներին, այսօր Թուրքիայի ակտիվությունը Լիբիայում նույնպես ունի ծովային բաղադրիչ. Նրանք համարում են թուրք-լիբիական սահմանը ուղիղ ծովի գծով իրենց բնական տարածքն է: Այս լարվածությունն ու բախումը, որը տեղի է ունենում, կարելի է համարել բնական: Եեթե Թուրքիան ունի ամբիցիոզ ծրագրեն, ապա դրանք անպայմանորեն բախվելու են այլ երկրների շահերին:
Ինչ վերաբերվում է Սուրբ Սոֆիայի խնդրին, ապա այստեղ թուրք-հունական հարաբերությունները ավելի ստորադասված են, քանի որ վաղուց արդեն Սուրբ Սոֆիայի տաճարի խնդիրը դուրս է եկել զուտ նեղ Թուրքիա-Հունաստան հարաբերություններից եւ ցավոք չի տեղափոխվել Թուրքիա Ուղղափառ աշխարհ հարաբերություններում: Մենք տեսանք, որ այն երկրները, որոնք Ուղղափառ քրիստոնեություն են դավանում եւ որոնց համար տաճարը ունի շատ մեծ հոգեւոր կարեւորություն, որեւէ կերպ չարձագանքեցին, կամ ստանդարտ բնույթի քայլերով եղավ արձագանքը՝ պայմանական ասած նոր Խաչակրած արշավանք չեղավ: Սա խոսում է մի քանի հանգամանքի մասին, առաջինը, որ ռեալ պոլիտիկի առումով Սուրբ Սոֆիայի տաճարը այլեւս չունի այն կարեւորությունը, ինչն ուներ դարեր առաջ եւ տաճարն այն միավորիչ հանգամանքը չունի քրիստոնեական աշխարհի համար:
Երկրորդը՝ աշխարհի տարբեր տերությունների հարաբերությունները Թուրքիայի հետ ավելի շատ ունեն քաղաքական, տնտեսական բաղադրիչ, քան մշակութային, հոգեւոր, այսինքն եկեղեցու խնդիրը շատ առաջնային օրակարգային հարց չէ: Սուրբ Սոֆիայի վերածումը մզկիթի ավելի շատ մենք պետք է տեղավորենք իսլամական հարթությունում 2 առումով՝ մեկը ներթուրքական եւ մյուսը արտաքին: Արտաքինն այն է, որ Սուրբ Սոֆիայի տաճարի վերածումը մզկիթի եւս մեկ ուղերձ է իսլամադավան ժողովուրդներին, որ Թուրքիան Իսլամի տարածման առաջամարտիկն է եւ այն հայտարարությունները, որ ինքը Օսմանյան խալիֆայության ժառանգն է, ոչ միայն խոսքեր են, այլեւ գործեր են: Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելր միշտ ընկալվել է որպես Իսլամի հաղթանակ քրիստոնեության նկարմամբ: Փաստորեն այդ սիմվոլը դարեր հետո էլ շարունակում է միավորիչ դեր ունենալ արտաքին իսլամական աշխարհում:
Դա նաեւ մեծ տեղ ունի ներթուրքական զարգացումներում առնչվում է 2 հանգամանքի հետ՝ մեկը Էրդողանի անձնական ամբիցիաների, քանի որ նա հստակ իսլամամետ գործիչ է, եւ հիմա շատ խոսվում է տաճարը մզկիթի վերածելը եղել է անգամ Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Էրդողանի նախընտրական խոստումներից մեկը, որը տարիներ հետո նա ի կատար է ածում: Սա ունի թուրքական հասարակությանը միավորելու եւ այդ հասարակության հակաքրիստոնեական տրամադրություններին հագուրդ տալու նշանակություն: Կարծում եմ՝ Էրդողանը լինելով պոպուլիստ գործիչ, շատ լուրջ քայլ է անում իր վարկանիշն էլ ավելի բարձրացնելու եւ իր շուրջ հասարակական համախմբումն էլ ավելի կարծր դարձնելու համար:
Վերջին երկու օրվա զարգացումները ցույց են տալիս, որ հիմա Էրդողանը ոչ միայն համեմատվում է Ստամբուլը գրաված թուրք սուլթան Մեհմեդ 2-րդի հետ, այլեւ համարվում է 21-րդ դարում իսլամական գաղափարների համար պայքարող ամենաառաջին քաղաքական գործիչը: Սա շատ կարեւոր նշանակություն է ունենալու Էրդողանի հետագա կարիերայի եւ իմիջային պատկերի համար: Այսօր Թուրքիայում տեղի է ունենում հանրային կոնսոլիդացիա, անգամ իր ընդդիմադիրները ակտիվ կամ պասիվ կերպով ողջունում են տաճարը մզկիթի վերածումը: Փաստորեն կրոնը Թուրքիայում դառնում է միավորիչ հանգամանք:
Ինչու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու քայլին պատշաճ չարձագանքեց Ռուսաստանը:
Ես իքնս էլ լուրջ ակնկալիքներ ունեի Ռուսաստանի արձագանքի հետ կապված: Իհարկե, եղավ Համայն Ռուսիո պատրիարքի արձագանքը, եղավ Պուտինի հեռախոսազրույցը Էրդողանի հետ, որտեղ կոչ արեց պահպանել քրսիստոնեական սրբապատկերները, թույլ տալ նաեւ քրիստոնյաներին այնտեղ իրենց կրոնական զգացմունքներն ինչ-որ կերպ նշել: Իմ ակնկալիքները մեծ էր, որովհետեւ ռուսական կայսրության գաղափարախոսական միասնության մեջ Կոնստանդնուպոլիսը եւ Սուրբ Սոֆիայի տաճարն ունեցել են հստակ կարեւորագույն նշանակություն: Ես ենթադրում էի, որ կայսերական Ռուսաստանի այդ գաղափարը կարող է փոխանցված լինել այսօրվա Ռուսաստանին: Բայց ցավոք, ես վերլուծելով հասկացա, որ Խորհրդային Միությունը կտրել է այդ ռուսական պետական այդ մտածողությունը կապված Սուրբ Սոֆիայի հետ: Իսկ ռեալ քաղաքականության մեջ գերիշխում են ռազմական, տնտեսական, գազային, նավթային բաղադրիչները:
Ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ այս անգամ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիային շատ բուռն արձագանքեց Թուրքիան: Այս համատեքստում ի՞նչ է սպասում ռուս-թուրքական հարաբերություններին:
Ռուս-թուրքական հարբերությունների լայն սպեկտրում Հայաստանի խնդիրն ունի իր կարեւոր տեղը մի քանի առումներով: Եթե Թուրքիայի համար Հայաստանը թիրախ է ատելության գեներացման համար, ապա Ռուսաստանի պարագայում Հայաստանը դաշնակից երկիր է, Հայաստանի հանդեպ իրենք ունեն դաշնակցային պարտավորությունները: Չմոռանանք նրանց ռազմակայանի ներկայությունը այստեղ: Նաեւ Հայաստանն իրենց կովկասյան ազդեցության ամրապնդման գրավականներից է: Ես չեմ կարծում, որ ռուս-թուրքական հարաբերություններում այն շատ արագ կարող է մղվել հետին պլան, քանի որ դա բխում է Ռուսաստանի շահերից: Ռուս-թուրքական հարաբերություններում տարբեր շրջանակներում այս խնդրի շուրջ նրանց մոտեցումները բախվել են, հասել են մինչեւ բավական լարված իրավիճակի, եւ երկու երկրները անգամ ռազմական ակնարկներ են արել: Վստահ եմ, որ եթե խնդիրը հասնի դրան, այս անգամ էլ չի կարելի բացառել նման մեսիջները, որոնք կունենան ռազմական բաղադրիչ: Բայց մենք մեր հերթին չպետք է մնանք դիտորդի դերում եւ հույսներս դնենք ռուսական նկատակների վրա: Մենք ինքներս պետք է էլ ավելի ամրապնդենք մեր անվտանգային մեխանիզմները, հավաքական զգոնությունը,. Նաեւ այլ ռազմաքաղաքական հարթակները, որոնց մենք անդամակցում ենք: Խոսքը ՀԱՊԿ-ի, նաեւ բարեկամ այլ երկրների հետ մեր հարաբերությունները զարգացնելու մասին է: Դրա համար մեր անվտանգության մեխանիզմներին հասցված ցանկացած հարված, ցանկացած հասարակական տրամադրություն, բացասական ընթացք ուղիղ համեմատական է մեր երկրի անվտանգությանը: Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ գոյություն ունի սպառնալիք երկիր Թուրքիա, որի ագրեսիվ հայտարարությունները տեսականից գործնական դառնալու շատ իրատեսական հիմք ունեն:











