Տնտեսական ճգնաժամի ժամանակ հարկային մուտքերը կրճատվում են, ինչը նաև մեր երկրում տեղի ունեցավ և նման պայմաններում, եթե պետությունը ցանկանում է տնտեսական ակտիվությունը խթանել ու այնպես չանել, որ ավելի վատթարանա վիճակը, փորձում է ծախսերը չկրճատել, նույնը տեղի ունեցավ նաև մեզ մոտ և բյուջեի դեֆիցիտը մեծացվեց։ Կառավարությունը համապատասխան նախագիծ բերեց Ազգային ժողով և դեֆիցիտի չափը մոտ 150 մլրդ դրամով ավելացրեցինք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Դա նշանակում է, որ անկախ հարկերի նվազումից պետական բյուջեն ծախսերը կատարում է նույն չափով։ Բնականաբար, դա լրացուցիչ եկամուտներ է պահանջում, և դա լրացվում է պետական պարտքի հաշվին։ Պարտքը կարող է ներգրավվել թե՛ արտաքին աղբյուներից, թե՛ ներքին աղբյուրներից։ Այսինքն՝ և՛ կարող ենք պետական պարտատոմսեր թողարկել՝ մեր բնակիչները գնեն, և արտաքին աղբյուրներից ֆինանսավորում ստանալ։ Երկու տարբերակով էլ կառավարությունը շարժվում է»,- ասաց պատգամավորը։
Համավարակից ելնելով կառավարությունը հակաճգնաժամային միջոցառումների ծրագրեր իրականացրեց։ Բացի այդ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ Ազգային ժողովը ևս օրենսդրական նախաձեռնություններով հանդես եկավ, որոնք ուղղված էին տնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելուն։ Պատգամավորը շեշտում է, որ ճգնաժամից դուրս գալը առավել շատ պայմանավորված է ոչ թե տնտեսական քայլերով, այլ առողջապահական գործոններով։
«Որովհետև այս ճգնաժամը տարբերվում է նախորդ ճգնաժամերից, սա մաքուր տնտեսական ճգնաժամ չէ։ Եթե ամբողջ աշխարհում համաճարակային վիճակը շարունակի մնալ այնպես, ինչպես կար, դա նշանակում է, որ մենք ունենալու ենք փակ սահմաններ, տուրիստների բացակայություն, ինչը բնականաբար մեզ մոտ թե՛ հյուրանոցային տնտեսությանը, թե՛ հանրային սնդդի օբյեկտներին, թե՛ հարակից առնչվող ընկերություններին պահելու է շատ դժվարին վիճակի մեջ»,- նկատեց պատգամավորը։
Բաբկեն Թունյանի համար հուսադրող է վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածների թվի նվազումը։
«Չեմ ուզում գերլավատեսական գտնվել, բայց երբ նայում եմ վերջին օրերի դինամիկային, ես տեսնում եմ, որ ամեն օրվա դեպքերի թիվը նվազում է։ Եթե այդ միտումը շարունակվի և մեզ մոտ հաջողվի թեթև սահմանափակումներ պահելով, բայց տնտեսական գործունեության տեսակները բացել, ապա այդ հաղթահարումը մաքսիմալ շուտ տեղի կունենա»,- ասաց նա, ապա հավելեց, որ առաջնային խնդիրը կորոնավիրուսը հաղթահարելն է։
«Մենք պետք է փորձենք այնպես անել, որ մեր երկիրը կորոնավիրուսի տեսանկյունից համարվի համեմատաբար անվտանգ երկիր, այսինքն՝ օրական արձանագրվող դեպքերի թիվն ու բուժվողների թիվը նվազի։ Սա երկու հիմնավորում ունի․ նախ այն, որ այդ ամենը պետական բյուջեի համար ծախս է, հիվանդներին մեկուսացնելը, բուժելը, և երկրորդ՝ մենք բաց տնտեսություն ենք։ Մենք համագործակցող երկրներ ունենք և այդ երկրների հետ շփման տեսանկյունից շատ կարևոր է մեր համաճարակային վիճակը, թե՛ տուրիզմի, թե՛ ներդրողների տեսանկյունից, ինչքան էլ որ մենք ասենք, որ մեզ մոտ թվային տեխնոլոգիաները զարգացել են, ամեն դեպքում եթե կան կոնկրետ ծրագրեր, ու ներդրողը ցանակնում է գալ՝ տեղում բանակցել, տեսնել և այլն, եղած սահմանափակումները օբյեկտիվորեն այդ հնարավորությունները վերացնում են։ Մարդիկ իրենց անելիքները հետաձգում են, մինչև ամեն ինչ կհանդարտվի»,- ընդգծեց նա։
Տուրիզմ, ռեստորաններ, հյուրանոցներ, առևտուր, շինարարություն․ սրանք համավարակի պայմաններում ամենատուժած ոլորտներն են։ Թե որքա՞ն ժամանակ անհրաժեշտ կինի, որ այս ոլորտները վերականգնեն գոնե նախկինում ունեցած ցուցանիշները, Բաբկեն Թունյանը նշում է, որ գնահատակնները տարբեր են, օրինակ թվերը տատանվում են 6 ամսից մինչև 3 տարի ժամանակահատվածում։ Պատգամավորն ընդգծում է՝ անգամ, եթե մոտ ժամանակները համաճարակը հաղթահարվի, և սահմանափակումները վերացվեն, միևնույն է մարդկանց վարքագծում փոփոխություններ են տեղի ունեցել։
«Այսինքն՝ սպառողները սկսել են ու հետագայում այդ նույն կերպով կշարունակեն ավելի քիչ ժամանակ անցկացնել այնպիսի վայրերում, որոնք սոցիալական շփում են ենթադրում։ Ասենք՝ ավելի քիչ գնալ ռեստորաններ, կինոթատրոններ, հյուրանոցներ, դրա փոխարեն նախընտրելով տանը կամ մտերիմ շրջանակում իրենց հանգիստը կազմակերպել։ Դա բիզնեսի վրա էլ է ազդելու»,- նշում է նա։
Բաբկեն Թունյանը խոսելով հյուրանոցային ոլորտի մասին, ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ մարզերում համեմամաբար ավելի լավ վիճակ է, քան Երևանում։
«Օրինակ, մեր հայրենակիցները, որոնք պլանավորում էին այս արձակուրդներին գնալ այլ երկրներ, իրենց մի զգալի մասն այդ հանգիստը անցկացնելու է Հայաստանի հանգստյան վայրերում։ Կարող եք ինքներդ փորձել, ինքս փորձել եմ, հետաքրքրվել, թե օրինակ հյուրանոցներում ազատ տեղեր կա՞ն, թե՞ոչ, ի՞նչ գներ են և այլն։ Ինքս չեմ նկատել, որ գները նվազած լինեն։ Սկզբից զարմանում էի, որովհետև մտածում էի, որ գների նվազում պետք է լիներ, քանի որ պահանջարկը թուլացել է, բայց սա վկայում է այն մասին, որ պահանջարկը չի թուլացել, կամ չի թուլանա, և երկրորդ՝ քանի որ վերջին շրջանում մարդիկ ունեցել են քիչ հաճախորդ, բայց իրենք ունեցել են որոշակի ծախսեր, որոնք նույն մակարդակի են մնացել, օրինակ՝ հոսանքի ծախս, աշխատողներին չեն կրճատել, իրենց մոտ բնականաբար ճեղքվածք է առաջացել, և իրենք պետք է գները բարձրացնեն, որ ծախսերը կարողանան փակել։ Երևանում գտնվող հյուրանոցները այդ առումով ավելի խոցելի են, որովհետև այստեղ հիմնականում հանգրվանում են արտասահմանից եկող զբոսաշրջիկները, ինչպես նաև տարբեր միջազգային պաշտոնական այցերի ժամանակ պատվիրակության անդամներ, կամ գիտական, մշակութային միջոցառումների մասնակիցները, այս երկու առումով մենք դադար ունենք, փաստացի պարապուրդի են մատնված։ Հույս ունեմ, որ իրենց վիճակն էլ հնարավորինս արագ կկարգավորվի։ Արդեն իսկ ձեռնարկված միջոցառումների ընթացքում այդ հյուրանոցները ևս օգտվել են։ Կառավարությունում քննարկվում են միջոցառումների տարբեր փաթեթներ, որպեսզի այդ ոլորտը ճգնաժամային վիճակը կարողանանք հաղթահարել»,- տեղեկացրեց նա։
Բաբկեն Թունյանը ընդգծում է, որ թե՛ կառավարությունը, թե՛ ԱԺ-ն չեն կիսում այն կարծիքները, որ այն ոլորտները, որոնք ուժեղ են, պետք է շարունակեն գոյատևել, իսկ որոնք թույլ են՝ ավելի լավ է «մահանան»։
«Մենք հայտարարել ենք, որ զբոսաշրջությունը Հայաստանի գերակա ուղղություներից մեկն է, և արդեն իսկ ձևավորված պոտենցիալը, ոչ մի դեպքում չի կարելի թույլատրել, որ կորչի։ Որովհետև այս ճգնաժամն ի վերջո անցնելու է, և եթե մենք հիմա ինչ-որ բան կորցնենք, դա վերականգնելն ավելի դժվար կլինի, քան եթե մենք ջանքեր գործադրենք դա պահելու համար»,- ասաց նա։
Մեր դիտարկմանը, թե տեսակետներ կան, որ համավարակի դեմ չկարողացանք պատշաճ պայքարել և ստացվում է, որ այսպես, թե այնպես բոլորը պետք է վարակվեն, ավելի լա՞վ չէ սահմանափակումները հանել, որպեսզի գոնե տնտեսությունը չտուժի, իշխող ուժի պատգամավորն արձագանքեց․
«Այդ հարցը շատ բարդ պատասխան ունի, ու այդ հարցին պետք է շատ զգույշ մոտենալ։ Եթե ես հարցին նայեմ որպես մարդ, որը տնտեսական քաղաքականության համար է պատասխանատու, բնականաբար, իրենց ասածը միանշանակ ճիշտ կլիներ, բայց մենք առաջնայինը դնում ենք առողջապահական նպատակը, անգամ մեկ մարդու կյանքի գինն ավելի թանկ է, քան այն տնտեսական վնասը, որը կարող ենք կրել։ Իհարկե, սա վիճելի հարց է, բայց ամենաճիշտը հավասարակշռված կետը գտնելն է»։
Տնտեսագետ պատգամավորը կարծում է, որ շուտով սահմանափակումները վերանայելու ճանապարհով կգնան, որովհետև դա հավերժ չի կարող լինել։
«Ինքս կողմ եմ, որ սահմանափակումները հնարավորինս թույլ լինեն և բիզնեսը գործելու ազատություն ունենա, բայց մյուս կողմից կարևորում եմ առողջապահական բաղադրիչը։ Այս դեպքում էստաֆետը կամ որոշում կայացնելու առաջնային իրավունքը պետք է զիջել բժիշկներին և առողջապահության ոլորտի պատասխանատուներին, որոնք քայլերն այնպես են նախատեսում, որ մարդկանց առողջությանը հնարավորինս քիչ վնաս պատճառվի»,- նշեց նա։











