Երեւանի քաղաքապետը չի հերքել մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի՝ առաջիկա շրջանում պաշտոնաթողության լուրը։ Լրագրողների հետ հանդիպմանը Հայկ Մարությանը հիշեցրել է, որ Մեսչյանը նշանակվելիս ասել է, թե 2 տարով է գալիս, եւ այդ ժամկետն ավարտվում է։
Պատասխանելով Մաշտոցի պուրակի թեղիները հատելու հարցին, Մարությանն ասել է, թե այդ ծառերը մահանում էին արդեն 18 տարի եւ մասնագետներն են որոշել, որ դրանց փոխարեն պետք է ավելի լավ ծառեր տնկել, թեեւ հիշեցնենք, որ այդ թեղիների պահպանության համար Մարությանն ու շատ ակտիվիստներ, որոնցից մի քանիսն այժմ Երեւանի ավագանու եւ ԱԺ անդամ են, պայքարում էին Սերժ Սարգսյանի օրոք։ Հայկ Մարությանն ասել է նաեւ, թե ստանում է 429 հազար դրամ, ինչն ընդամենը 5-10 տոկոսն է այն եկամտի, որը նա ուներ մինչեւ իշխանության գալը: Նշել, թե պարգեւավճար չի ստանում եւ բացի մի քանի նախագծերում հեղինակային իրավունքից, այլ եկամուտ չունի։ Ֆեսյբուքյան շատ օգտատերեր հիշեցրել են, որ ճգնաժամի պայմաններում նա շարունակում է մեծ պագեւավճարներ դուրս գրել իր ենթականերին, բացի այդ, եթե այսօրվա աշխատավարձն իր նախկին եկամտի 5-10 տոկոսն է կազմում, ուրեմն նա Երեւանի քաղաքապետ առաջադրվելիս կեղծել է իր հայտարարագիրը:
Բնապահպաններն այս օրերին, թերեւս աելի լուրջ հոգսեր ունեն։ Ամուլսարի շուրջ մթնոլորտը թեժանում է ժամ առ ժամ։ «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդները գիշերը հանել են Ամուլսարի պահապանների տնակը՝ տեղադրելով իրենցը։ Բնապահպաններն էլ միմյանց ահազանգելով մեքենաներով շարժվել են Ամուլսար։ Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ հրապարակած բնապահպան Շիրակ Բունիաթյանը վատ սցենար է կանխագուշակում։
«Լիդիան Արմենիան» հայտարարություն է տարածել, ընդգծելով, որ պարզապես իր տարաքծից հեռացրել է 2 տարի առաջ ապօրինի տեղադրված տնակները, որ համայնքի հազարավոր բնակիչներին օրինական աշխատանքից և եկամուտից զրկած խմբակի անդամները սպառնում է «արյունահեղությամբ» և «սպանությամբ»։ Ըստ Լիդիանի՝ Ամուլսարում ապօրինիությամբ զբաղվողները բռնության կոչեր են հնչեցնում և հրահրում սադրանքներ, նրանց են միացել նաև Երևանից եկող կասկածելի, այդ թվում` ծայրահեղական խմբեր, օրինակ Սասնա ծռերը:
Շրջակա միջավայրի նորանշանակ նախարարն էլ սոցհարթակից ազդարարել է, թե իր կարգադրությամբ ամենասեղմ ժամկետում կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու գործունեությունը և կապամոնտաժվեն ապօրինի տաղավարները։ Ըստ Ռոմանոս Պետրոսյանի՝ հանգստի այս գոտու անունը վերջերս մամուլում լայնորեն լուսաբանվում է, նաև շահարկվում ու կապվում քաղաքական որոշակի շրջանակների հետ։ Նույն Ֆեյսբուքի օգտատերերը տարակուսել են՝ ընդգծելով, ոչ թե շահարկել են, այլ ահազանգել, որ «White Shorja»-ն չգրանցված օբյեկտ է, որտեղ հուլիսյան մարտերից օրեր անց քեֆ է կազմակերպում Իմ քայլի պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Ուրվագծվում է Սահմանադրական դատարանի ապագա կազմը։ 3-րդ թափուր տեղի համար Հանրապետության նախագահը Արթուր Վաղարշյանին է առաջադրել բարձր ատյանի դատավորի պաշտոնին։ Հիշեցնենք, որ նախորդ փուլում Արմեն Սարգսյանի 5 առաջադրումներից 4-ը խորհրդարանը մերժել էր, երկրորդ փորձից կողմ էր քվեարկել Վահե Գրիգորյանին, Գոռ Հովհաննիսյանը մերժել էր իր թեկնածությունը։ Վաղարշյանին եւս նախագահը առաջադրում է 2-րդ անգամ։ Հիեցնենք նաեւ, որ Կառավարության թեկնածուն Վահրամ Ավետիսյանն է, Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածուն Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը։
Հայաստանում մահացել է արդեն 996 կորոնավարակակիր։ Անցած օրվա ընթացքում երկրում գրանցվել է վարակվելու 196 նոր դեպք, ընդհանուր թիվը 39298 է, վարակվածության ցուցանիշով Հայաստանն աշխարհում 11-րդն է։ Մեկ օրում վիրուսից մահացել է 47-ից 71 տարեկան 6 մարդ:
Երեկ՝ օրվա երկրորդ կեսից, դարձյալ ֆեյսբուքյան կրքեր են բորբոքվել RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի նոր գրառման շուրջ։ Նա մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տարիներ առաջ գրած հոդվածը, որտեղ հեղինակն անիծում է հայերի նախնիներին, որոնք ժառանգներին թողել են ընդամենը ցեղասպանությունների, ստորացումների, դավաճանությունների եւ անբարոյականության պաշար: Սիմոնյանը նշել է, որ Ցեղասպանությունը վերապրած իր մեծ տատը, որին մեղադրում են դավաճանոթյան ու անբարոյականության համար, կթքեր Փաշինյանի աչքերին, եթե ողջ լիներ։ Խայտառակ մանկուրտ, գրել էր Սիմոնյանը եւ ամոթանք տվել։ Փաշինյանի հետեւորդներն անմիջապես զանգվածային եւ հայհոյախառն արշավ են սկսել Սիմոնյանի դեմ, պնդել, թե այդ հոդվածի հեղինակը ներկայիս պատգամավոր Արման Բաբաջանյանն է, թեեւ ստորագրված է Փաշինյանի անուն-ազգանվան սկզբնատառերով։ armtimes.com-ի արխիվում այդ նյութն այլեւս չկա, բայց շատ օգտատերեր պահել են հոդվածի լուսանկարը։
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ահազանգում է, որ ադրբեջանական հաքերները գլուխ են գովում, թե կարողացել են Հայաստանի կառավարական ներքին ցանցից տանել 55 տերաբայթ նյութ։ Մարտիրոսյանը չգիտի՝ սա ճիշտ է, թե սուտ, բայց ուզում է հասկանալ, թե վերջապես ե՞րբ է Հայաստանն ունենալու կիբերանվտանգության միասնական կենտրոն, ե՞րբ ենք լսելու, որ ինչ-որ մեկը անփութության համար պատասխանատու է ճանաչվել։ Ահազանգի շուրջ պարզաբանում ստանալու համար NEWS.am-ին չի հաջողվել կապ հաստատել կառավարության լրատվական ծառայության և վարչապետի մամուլի խոսնակի հետ:
Երկրորդ նախագահի գույքը կմնա կալանքի տակ։ Դատավոր Աննա Դանիբեկյանը հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելը։ Նախորդ նիստին նա պահանջել էր գույքի վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնել,փաստացի՝ գնահատել գույքի արժեքը։ Պաշտպանները մերժում են այդ պահանը եւ պնդում, որ դա վարույթն իրականացնող մարմնի գործն է։
Փաստաբանները Ռոբերտ Քոչարյանի գույքի կալանքի չեղարկման եւ նիստի հետաձգման հետ կապված նոր միջնորդություն են ներկայացրել:
Բուհ չընդունված դիմորդներից Հայկ Բաբալյանը Ֆեյսբուքում գրել է պահանջատեր դիմորդ շարժման մասնակիցների եւ Արայիկ Հարությունյանի հանդիպման մասին եւ լուսանկար հրպարակել, որտեղ երեւում է դդումի առջեւ նստած պատանիների խումբ։ Հանդիպումն, ըստ դիմորդի, արդյունավետ չէր, քանի կրթության նախարարը բառեր չի գտել իրենց հարցերին պատասխանելու համար։ Բաբալյանը պարզաբանել է, որ սա իրականում բողոքի ակցիա էր, իսկ նախարարից այս կերպարն ընտրել, հանրության որոշ շերտերում նա հենց այդպես է ներկայացվում։ Դուք այլեւս կործանված եք, գրել է Հայկ Բաբալյանը։
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է դստեր՝ Արփիի լուսանկարը և գրել. «Արփիի հագուստի մեծ մասը հայկական արտադրության է։ Այսօր էլ պարտեզ գնաց հայկական արտադրության տաբատով եւ շապիկով։ Ասեք՝ որ հիանալի է։
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.17 դրամով ու կազմել 485.66 դրամ: Եվրոյի փոխարժեքն ավելացել է 2.23 դրամով ու հասել 572.79 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն ավելացել է 0.60 դրամով ու հասել 634.22 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.02 դրամով ու կազմել 6.59 դրամ:
Օգոստոսի 5-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Երեւանում եւս անձրեւներ չեն սպասվում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18 +20, վաղը ցերեկը` +32 +34:











