Ամերիկյան Սան Դիեգոյի կենդանաբանական այգին անսովոր լրացում ունի: Պրժեւալսկու ձիերի երամակում քուռակ է հայտնվել, որը 20 տարի առաջ մեռած կենդանու կլոն է: Սա ձիու առաջին հաջող կլոնավորումն է: Գիտնականներն այդ ռիսկին դիմել են անհետացող տեսակներին պահպանելու համար, հաղորդում է Popmech-ը:
Պրժեւալսկու ձիերը գրանցված են Կարմիր գրքում եւ այս պահին գործնականում չեն հանդիպում վայրի բնության մեջ: Ըստ Սմիթսոնյան ազգային կենդանաբանական այգու՝ այս տեսակը համարվում է «վայրի», եւ այս կենդանիները ժամանակակից տնային ձիերի հեռավոր ազգականներն են:
Սան Դիեգոյի կենդանաբանական այգու մամուլի հաղորդագրության մեջ մասնագետները պարզաբանում են, որ չնայած այս տեսակը վայրի բնություն (Մոնղոլիա եւ Չինաստան) վերադարձնելու ծրագրերին, բնական պայմաններում կենդանիները դեռ վատ են վերարտադրվում: Կենդանաբանական այգում հաջող կլոնավորումը կարող է կարեւոր քայլ լինել այս տեսակի վերականգնման գործում:
Կլոնավորված քուռակին Կուրտ են անվանել` դոկտոր Կուրտ Բենիրշկեի պատվին, ով 1975 թվականից հավաքում եւ պահպանում է անհետացման վտանգի տակ գտնվող կենդանիների գենետիկական նյութը: Կենդանին «վերստեղծվել է» 1998թ. մեռած ձիու սառեցված գեներից։ «Սրանք 1975 թվականին Մեծ Բրիտանիայում ծնված հովատակի բջիջներն էին, որոնք 1978թ․ բերվել էին ԱՄՆ: Նա ապրեց մինչ 1998 թվականը»,- մամուլի ծառայությունում պատմել են Revive & Restore-ին:
Revive & Restore ընկերությունը, որը զբաղվում է անհետացող կենդանիների գենետիկական տվյալները պահպանելով եւ վերականգնելով, եւ որը մասնակցել է Կուրտի կլոնավորմանը, մի քանի բիոտեխնոլոգիական նախագծեր է ղեկավարում: Այժմ մասնագետները փորձում են վերածնել անհետացման եզրին գտնվող եւ անհետացած առնվազն վեց տեսակ, այդ թվում` բրդոտ մամոնտին, որը անհետացել է մոտ 4000 տարի առաջ:











