Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով ստորաբաժանումն արդեն ձեւավորվեց, ինչը նշանակում է, որ օրենքն ամբողջ ծավալով մտավ ուժի մեջ, ինչն էլ նշանակում է, որ հիմա դատախազության հատուկ ստորաբաժանումը կարող է ստանալով համապատասխան հիմքերը, որոնք սահմանվել են օրենքում, սկսել համապատասխան ուսումնասիրությունները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Բայց ես այն կարծիքն եմ, որ այդ ուսումնասիրություններն այնքան ծավալուն են, որ ակնկալել, որ 2021 թվականի առաջին եռամսյակից շուտց որեւէ հայց կգնա դատարան, կարծում եմ սխալ կլինի: ՀԻմա այն հատվածն է լինելու դատախազության գործունեության, որը հասարակության համար տեսանելի չի: Տեսանելի հատվածին ականատես կլինեն 2021 թվականի ընթացքում: Ծավալն էլ արդեն դատախազությունը կհրապարակի կամ հանդես կգա հայտարարությամբ»,-ընդգծեց նախարարը: