Արարատի մարզի Տափերական գյուի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Գլխավոր դատախազության դիմաց: Նրանք պահանջում են կալանքից ազատ արձակել իրենց գյուղի բնակիչ Ալեն Պետրոսյանին: Նրա փաստաբան Արման Արզումանյանի խոսքով, սկզբնական շրջանում մի քանի շատ վիճելի ապացույցներ են ձեռք բերել, որի հիման վրա Ալեն Պետրոսյանին ձերբակալել, ապա կալանավորել են:

«Գործի հետագա զարգացումը ցույց տվեց, որ նա ոչ մի կապ չունի իրեն մեղսագրվող արարքի հետ: Իրական կատարողը, իրական կրակոց արձակողն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, տվել խոստովանական ցուցմունքներ: Հետագայում հանձնել է նաեւ հանցագործության գործիք զենքը, բայց կարծեք թե, գործը տեղից չի շարժվում»,-ասաց նա՝ նկատելով, որ խոստովանական ցուցմունք տվողը չի կալանավորվել, իսկ Ալեն Պետրոսյանի կալանքի ժամկետը երկրորդ անգամ է երկարացվում:

Փաստաբանը դժվարացավ ասել, թե այս պայմաններում ինչու ազատ չի արձակվում իր պաշտպանյալը. «Իրենց վերաբերմունքը հիմնված է ոչ թե գործով ձեռք բերված ապացույցների, այլ ինձ համար անհասկանալի դատողությունների: Գործով բազմաթիվ ապացույցներ են ձեռք բերվել, որ Ալեն Պետրոսյանն առնչություն չունիիրեն մեղսագրվող արարքի հետ: Ինքը կատարող չի: Սկզբնական շրջանում ձեռք բերված ապացուցներն էլ, համոզված եմ, որ ակնհայտ կեղծիքներով են կատարվել: Ես նկատի ունեմ մահացողի տղայի ցուցմունքը: Ալեն Պետրոսյանին բերման ենթարկելուց առաջ ոստիկանության աշխատակիցը գալիս, հեռախոսով նկարում է ու հեռանում է: Մոտ 40 րոպե հետո գալիս, բերման են ենթարկում: Հետո պարզվել է, որ այդ նկարելուն հաջորդել է տուժողի լրացուցիչ ցուցմունքը, որտեղ իրեն հարց են տալիս, թե ինչ հատկանիշներով կնկարագրեք Ալեն Պետրոսյանին, եւ ինքը ճշգիտ, դետալներով նկարագրում է Ալեն Պետրոսյանին: Մինչդեռ նախորդ ցուցմունքում նկարագրել էր՝ երկար մորուսով տղա:

Նախկինում նրանց միջեւ որեւէ վիճաբանություն չի եղել, անգամ բարեկամական կապ կա իրար միջեւ»,-ընդգծեց փաստաբանը՝ հավելելով, որ արդեն 2-րդ անգամ է Ալեն Պետրոսյանի կալանքի ժամկետը երկարացվում:

Փաստաբանի խոսքով, Ալեն Պետրոսյանը մեղադրվում է սպանության եւ ապօրինի զենք կրելու համար:

Նա ընդգծեց, որ ինքը վճռաբեկ բողոք կներկայացնի կալանքի որոշման դեմ եւ եթե Ալեն Պետրոսյանին չազատեն՝ ՄԻԵԴ գանգատ կուղարկի: