Ես հիասթափված եմ իմ գործընկերոջ ելույթից, որովհետեւ չեմ գտնում, որ կարելի է թեկուզ քողարկված, բայց այդքան հաճախ փորձել խոսքը հասցնել վիրավորանքի սահմանին, խոսել կամազրկության մասին մի մարդու մասին, ում թերեւս պարոն Բաբաջանյանը ճանաչում է այստեղ-այնտեղ պտտվող ասեկոսեներից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց Ծ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին:

«Եթե հիմնվենք այդ ասեկոսների վրա, այս դահլիճում դժվար թե գտնվի որեւէ սուրբ մարդ, եւ դուք, եւ ես այդ ցուցակում վերջինը չենք:

Այո, բոլորը Հայաստանում աշխատել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանի օրոք: Այս Ազգային ժողովում նույնպես բազմաթիվ մարդիկ կան, որոնք աշխատել են եւ հիմա էլ շարունակում են աշխատել: Եթե ձեր տեքստից հանենք Շաթիրյան ազգանունը եւ դնենք, ասենք որեւէ գյուղի դասատուի անուն, ձեր տեքստի բովանդակությունը չի փոխվի»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա հավելեց, որ Էդգար Շաթիրյանը նախկին իշխանության կողմից չի ընտրվել որեւէ պաշտոնում, որ ծառայություն մատուցի, այլ այն պատճառով, որ իր նման մասնագետ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը տալիս է 5-6 տարին մեկ անգամ:

«Այդպես բոլորին կարելի է բերել, կապել նախկին իշխանության հետ: Հարստացման հետ կապված. ես հասկանում եմ, որ դասախոսը, գիտնականը պետք է սոված, ծարավ, կյանքի վերջում հույսը ինչ-որ օգնությունների վրա դրած անձնավորություն լինի: Հայտարարությունները, որոնք ասեկոսեների վրա են հիմնված, լուրջ չեն: Լուրջ չեն մի մարդու անունից, որը քաղաքական կառույցի անունից է խոսում, որը ելույթի ժամանակ 230 ՀԿ-ի կարծիք է հնչեցնում: Բոլորը չէ, որ կարողացել են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյան ժամանակահատվածում տարբեր  բեւեռների հետ համագործակցել եւ կարողանալ քաղաքական պայքար վարել: Կներեք, բոլորից չէ, որ այդ պահանջը կա: Մարդիկ տարբեր են»,-ընդգծեց Ալեն Սիմոնյանը:

Նա հայտարարեց, որ անձնական միտում է տեսնում Արման Բաբաջանյանի ելույթների մեջ. «Հուսամ, որ ժամանակի ընթացքում հակառակի մեջ կհամոզվեմ»:

Ալեն Սիմոնյանը հույս հայտնեց, որ պատգամավորները կողմ կքվեարկեն Էդգար Շաթիրյանի թեկնածությանը: