Հայաստանի խորհրդարանի այն անդամները, ովքեր պատրաստվում են վայր դնել իրենց մանդատները, պետք է ինքները բացատրեն իրենց որոշումը: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում սեպտեմբերի 22-ին կայացած ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:Նրա հավաստմամբ` բացի ընթացիկ աշխատանքային գործընթացներից, իշխող «Իմ քայլը» բլոկում ոչինչ տեղի չի ունենաում : «Բայց եթե կան պատգամավորներ, ովքեր տեսնում են նման քայլի անհրաժեշտությունը, ապա նրանք իրենք պետք է հայտարարեն այս մասին եւ պարզաբանեն պատճառները: Նման հայտարարություններ դեռ չեն եղել»,- հավաստիացրեց Գրիգորյանը:
Ինչպես նշեց խորհրդարանականը, մամուլն անընդհատ նման տվյալներ է հրապարակում, եւ եթե դրանք համապատասխանեին իրականությանը, ապա «Իմ քայլ»-ի ընտրական ցուցակը վաղուց սպառված կլիներ:
Գրիգորյանը հերքեց լուրերն այն մասին, որ ինքը եւս մտադիր է վայր դնել արդարադատության փոխնախարարի մանդատը կառավարությունում աշխատանքի անցնելու կապակցությամբ: «Սա չի համապատասխանում իրականությանը, եւ արդարադատության նախարարն արդեն հայտարարել է, որ նման փոփոխություններ չեն նախատեսվում»,- հավելեց Սուրեն Գրիգորյանը:
Իր հերթին, նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր` Լիլիթ Ստեփանյանը, նշեց, որ բոլոր հարցերով, ինչպես երկրի բոլոր քաղաքացիների մոտ, 88 պատգամավոր (իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների քանակը - խմբ.) իրենց սեփական կարծիքը եւ քաղաքական դիրքորոշումը ունեն, որոնք հաշվի են առնվում քննարկումների ժամանակ: «Ինչ վերաբերում է մանդատները վայր դնելու մասին լուրերին, ապա ԶԼՄ-ներում նշվում են տարբեր անուններ, ավելին, ըստ որոշ լուրերի, ես եւս արդեն վայր եմ դրել մանդատը, ինչն այդպես չէ»,- նշեց Ստեփանյանը:
Նշենք, որ վերջերս հայկական լրատվամիջոցներում լուրեր են հայտնվել, որ իշխող «Իմ քայլը» դաշինքի շատ պատգամավորներ մտադիր են վայր դնել իրենց մանդատները` ՍԴ անդամների ընտրության շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված: Մասնավորապես նշվում են պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գոռ Գեւորգյանը, Լուսինե Բադալյանը, Համազասպ Դանիելյանը: Ոմանք դա կապում են բուն բլոկի ներսում գործընթացների եւ տարաձայնությունների հետ:











