Միջազգային հանրությունը մինչև հարցի կարգավորման բովանդակությանն անցնելը, հստակ արձանագրի թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա: Այս մասին շվեյցարական RTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դիտարկմանը, որ Թուրքիան և Ադրբեջանը ժխտում են, որ Լեռնային Ղարաբաղում կան Սիրիայից եկած վարձկաններ, ի՞նչ կոնկրետ ապացույցներ ունեք, Փաշինյանը պատասխանել է. «Այդ ապացույցներն արդեն հրապարակված են: Կան տեսանյութեր, որոնք հատուկ ծրագրերի միջոցով, նույնականացվել են տեղանքի հետ և հիմա արդեն ապացուցված փաստ է, որ այդ տեսաձայնագրություններն արվել են պատերազմական գործողությունների օրերին առաջնագծում: Եվ հենց սիրիացի ահաբեկիչներն իրենք են արել այդ տեսանյութերը, որոնք ինչ-ինչ ձևերով արտահոսել են և հայտնվել համացանցում ու հիմա գործնականում ամբողջ համացանցը հեղեղված է այդպիսի նյութերով. գործնականում սա ապացուցված է: Այդ փաստը պաշտոնապես ընդունել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իրանը և այլ երկրներ:
Եվ հիմա հարցի կարգավորման համատեքստում ես շատ կարևոր եմ համարում, որ միջազգային հանրությունը մինչև հարցի կարգավորման բովանդակությանն անցնելը, հստակ արձանագրի թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա: Որովհետև դա հարցի կարգավորման միջազգայնորեն ընդունված սկզբունքներից մեկի կոպտագույն խախտում է, որը վերաբերվում է հետևյալին, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում չպետք է ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառվի:
Եվ Ադրբեջանը հետևողականորեն կիրառել է այդ ուժի սպառնալիքը ու հիմա էլ ուժ է կիրառում և հիմա էլ այդ ուժը կիրառում է Թուրքիայի ու միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ: Իսկ այդ ապացույցները հրապարակված են և, ըստ էության, նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն է այդ ապացույցները հրապարակել՝ նաև հետազոտական աշխատանքի միջոցով:
Դուք գիտեք, որ հնարավորություն կա հեռախոսների միջոցով արված տեսագրությունները տեղայնացնել, թե այդ տեսանկարահանումը որտեղ է տեղի ունեցել և այդ տեղայնացման ծրագրերի միջոցով ապացուցված է, որ այդ ահաբեկիչները և վարձկանները տեսագրություններն իրականացրել են հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, առաջնագծում»:











