Նիկոլ Փաշինյանը մինչեւ վերջ շարունակելու է կատարել այն առաքելությունը, ինչի համար 2,5 տարի առաջ դրսի ուժերն իրեն բերել են իշխանության: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, Արցախի տարածքները հանձնելու դեմ կազմակերպված բողոքի երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱՊՎ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
«Վարչապետի եւ ողջ թիմի հեռացումը կստեղծի հնարավորություն, որն այսօր չունենք: Ինչ վերաբերում է ստորագրված փաստաթղթին. Փաստաթուղթը մի բան է, փաստաթղթի կիրառումը մի այլ բան: Վարչապետի հեռացումը հնարավորություն կտա այդ փաստաթուղթն իրականացնել ոչ այնպես, ինչպես դա այսօր նշված է: Քարվաճառի շրջանում հիմա արդեն սկսվում է հումանիտար աղետ եւ շատ ու շատ այլ պահեր: Մեզ հիմա չափազանց անհրաժեշտ է, որ Մինսկի խմբի եռանախագահությունը այդ ձեւաչափով նույնպես անցնի գործի: Ես վստահ եմ, որ առաջիկա 1-2 օրվա ընթացքում եռանախագահությունը նույնպես իր խոսքն ասելու է:
Երեկ եղավ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունը եւ այդ երկրի ԱԳՆ-ի հայտարարությունը: Ֆրանսիայի տեսակետը հետեւյալն է, որ Ղարաբաղը, նկատի ունեն ԼՂԻՄ-ի տարածքը, Ադրբեջանը չպետք է այդ տարածքներում լինի:
Մի խոսքով, մենք ունենք մեկ խնդիր՝ ստեղծել հնարավորություն, շանս, որը չկա: Դա Փաշինյանի եւ իր թիմի անհապաղ հեռացումն է»,-հայտարարեց Շահնազարյանը:
Նա հավելեց, որ դրանից հետո կձեւավորվի մի նոր մարմին, որը կկոչվի հակաճգնաժամային կառավարություն, թե պաշտպանության պետական կոմիտե. «Նոր մարմինը կիրականցնի հետեւյալ քայլերը՝ աշխատել այսօր արդեն զուտ ֆորմալ դաշնակից Ռուսաստանի հետ եւ այդ հարաբերությունները, որ այսօր զուտ ֆորմալ են, լցնել բովանդակությամբ, եւ այդ խայտառակ փաստաթղթի կիրառումը տանել ոչ այնպես, ինչպես դա աանում է այսօրվա կառավարությունը: Փաշինյանի անցնցում հեռացումը եւ կայունության պահպանումը մեր առաջնահերթ խնդիրներից մեկն է»,-ասաց նա:











