Ես Արցախի Հանրապետության ամենաբարձր պաշտոնատար անձն եմ, որը նստավայր է ունեցել Շուշի քաղաքում եւ Շուշին հանձնել են։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, Արցախի հողերը հանձնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի դեմ երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Այս միջոցառումը, որը կազմակերպել են 17 կուսակցությունները, դա 17 կուսակցություններինը չեն, այլ այն մարդկանցը, որոնք չեն կարող հանդուրժել դավաճանին։ Մեր իշխանության ղեկին ունենք հույս վերականգնելու մեր արժանապատվությունը եւ ուղղելու մեր մեջքը։ Այն օրը, երբ դավաճանը կչքվի մեր աչքից եւ էկրաններից, մենք մի փոքր հանգստություն կգտնենք, մի փոքր հանգստություն կգտնեմ Շուշիի համար»,- ասաց նա։
Ռուբեն Մելիքյանը նշեց, որ ինքը 2,5 տարի աշխատել է Շուշիում. «Այն մարդիկ, որոնք այս շենքում են, իմացեք, ոնց դուք էիք նստած ձեր կաբինետներում, 2,5 տարի էլ ես եմ նստել Շուշիում եւ Արցախի քաղաքացիների իրավունքներն եմ պաշտպանել։ Ներողություն եմ խնդրում սիրելի արցախցիներ, մենք չկարողացանք»։











