Այսօր քաղաքական ղեկավարությունը հայտարարում է, թե աշխարհազորը իր խնդիրը չի կատարել, և փորձում է նրանց վրա բարդել ողջ մեղքը, սակայն դրանում ոչ թե աշխարհազորայիններն են մեղավոր, այլ հենց իրենք, որ չեն կարողացել ղեկավարել և կազմակերպել այդ ամենը։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց աշխարհազորային Արտակ Սարգսյանը։

«Աշխարհազորն այո, ունեցել է խնդիրներ, և դա առաջին հերթին կապված է եղել անկազմակերպվածության հետ։ Աշխարհազորը պետք է գնար կանոնավոր բանակին երկրորդ շունչ հաղորդելու։ Աշխարհազորը մինչև ռազմաճակատ մեկնելը պետք է պատրաստ լիներ»,–ասաց նա։

Պատերազմի մասնակիցը հիշեցրեց, որ նույն խնդիրը եղել է ապրիլյան պատերազմի ժամանակ և մեր իշխանությունները աստացի դրանից դասեր չեն քաղել։

«Շատ ենք խոսում ապրիլյան պատերազմի դասերի մասին, երբ աշխարհազորը ցաքուցրիվ հասավ դիրքեր և այնտեղ էլ խնդիրներ եղան, դրանից անմիջապես հետո խնդիր դրվեց, որ կյանքի կոչվի ազգ–բանակ կոնցեպտը, սակայն երկուսուկես տարվա ընթացքում գործընթացը, որ սկսվել էր նախորդ իշխանությունների օրոք՝ չշարունակվեց։ Այսինքն պատերազմական իրավիճակում, երբ համընդհանուր զորահավաք հայտարարվեց, չգիտես ինչու զորահավաքը ընտրողաբար եղավ և համընդհանուր բնույթ չկրեց։ Մեծ մասին ուղղակի կանչեցին վայենկոմատներ և չուղարկեցին ռազմաճակատ, մի մասին ուղարկեցին և տեղի ունեցավ այն, որ աշխարհազորը, որը պետք է խնդիր լուծեր՝ հասներ զորքին և երկրորդ շունչ հաղորդեր բանակին, չեղավ մի կարևոր պատճառով. աշխարհազորը  պատարստ չէր անմիջապես մարտի մեջ մտնելու»,–ասաց նա։

Արտակ Սարգսյանը նշեց, որ ինքը ծառայությունից հետո 23 տարի մարտական զենք չի բռնել, իսկ այս պատերազմում առանց պատրաստվելու, նրան միանգամից ուղարկել են ռազմաճակատի ամենաթեժ կետեր։

«Մենք երկու օր մնալով զորամասում՝ խնդրեցինք մեզ ուղարկել կրակելու, զենքերը փորձելու, բայց դա տեղի չունեցավ։ Մենք զինված ենք եղել բավականին լավ, սակայն հենց զենքերը մարտական վիճակի բերած՝  մեզ անմիջապես տարել են առաջնագիծ։ 52 հոգանոց զորախմբին երկու հրամանատարով տարան ռազմաճակատ։ Դիրքավորվեցինք արդեն գրավված գյուղերի վերևում՝ քաջ  իմանալով, որ առավոտյան մեր ուղղությամբ  հարձակում է լինելու։ Առավոտյան մարտը սկսվեց, կես ժամ մարտ մղելուց հետո  վեց զոհ և չորս վիրավոր տալով մեզ հրամայեցին, որ նահանջենք և վերադասավորվենք, որից հետո կանոնավոր զորքը մտավ մարտի։ Դրանից հետո տասը ժամ մարտ է ընթացել, մեր զինվորներն ուղղակի հրաշք գործեցին՝ կռվելով իրենցից մի քանի անգամ գերազանցող զորքի դեմ։ Երբ նոր հարձակում եղավ, աշխարհազորայինների զորախումն ուղղակի ջարդվեց. մենք 12 հոգով մնացինք մարտադաշտում և ինքնակազմակերպվելով խնդրեցինք այնտեղ գտնվող կանոնավոր զորքին, որպեսզի մեզ համարեն իրենց զորախմբերից մեկը և մեր առաջ մարտական խնդիր դնեն։

Իրենց կամբատը, որը փոխգնդապետ էր, համաձայնեց մեզ վերցնել իր  հրամանատարության ներքո, այլապես մենք կմնայինք առանց հրամանատարի»,–պատմեց պատերազմի մասնակիցը։

Սարգսյանի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու շատ դեպքերում տարբեր վայրերում ցրված զորախմբերը չեն վերակազմակերպել և նորից ուղարկել ռազմաճակատ։

«Բնականաբար պատճառն անկազմակերպ վիճակն է։ Մարդկանց զորակոչելուց հետո չեն կարողացել նրանց կարողությունները ճիշտ օգտագործել մարտական գործողությունների դաշտում, նման խնդիրները հետևաբար իրենց հետևանքներն են ունենում։ Այսօր քաղաքական ղեկավարությունը խոսում է՝ ասում, աշխարհազորը իր խնդիրը չի կատարել, և փորձում է նրանց վրա բարդել ողջ մեղքը, սակայն դրանում ոչ թե աշխարհազորայիններն են մեղավոր, այլ  հենք իրենք, որ չեն կարողացել ղեկավարել և կազմակերպել այդ ամենը։ Այսօր անբարոյականություն է մեղքը բարդել այդ մարդկանց վրա։ Մարդիկ գնացել են, որպեսզի խնդիր կատարեն՝ մի մասը կամավոր, մի մասը զորակոչով. այն տղաները որոնք ինձ հետ են եղել, առանց հրամանի մեկ քայլ անգամ հետ չեն գնացել, նույնիսկ զոհեր տալով չեն լքել խրամատը, փորձել են մինչև վերջ կռվել, նույնիսկ նահանջելով մարտ են վարել։ Երբ հայտարարում են, թե ստիպված են եղել այդ ստորացուցիչ համաձայնագիրը կնքել, ուրեմն նշանակում է, որ հասել ենք այն կետին, որ մենք այլ ելք չե՞նք ունեցել»,–հայտարարեց նա՝ ընդգծելով, որ պետք է խոսել ոչ թե հետևանքի, այլ՝ պատճառների մասին։

«Ինչու՞ ենք հասել այն իրավիճակին, որ այլ ելք չենք ունեցել։ Չի կարելի մի բանում մեղադրել բոլորին, որը պարտավոր ես ինքդ կազմակերպել, դու ինքդ ես պատասխանատու այդ իրավիճակի համար։ Երբ հարավային հատվածում թվաքանակով մեծ և զինատեսակներով գերակշռող թշնամու զորքը հարձակվում է, և ամբողջ ռազմաճակատը վերանում է, մեղադրում են աշխարհազորին նրա համար, որ իր խնդրը չի կատարել։ Երբ կարողանայիք ճիշտ կազմակերպել, մեր զորքը կարող էր կրկնապատկվել, իսկ կրկնապատկված զորքը արդյունավետ կարող էր լինել։ Ասում են՝ Շուշիի կամ Ստեփանակերտի տակ մարդ չկար, ո՞նց չկար, էդ ամբողջ աշխարհազորին զորակոչե՞լ էին, էդ ամբողջը գնացե՞լ էին։ Ինչու զորահավաքը համընդհանուր բնույթ չկրեց, իիսկ ում էլ կանչել եք՝ ասում եք արդյունավետ չեն եղել։ Չեն փախել այդ մարդիկ, այլ հայտնվել են անկառավարելի վիճակում. գուցե փախչողներ էլ են եղել, բայց որ մեծ մասը հայտնվել են անկառավարելի վիճակում, դա փաստ է  և պետք է բացահայտել, թե ինչու՞ է այդ իրավիճակը եղել»,–ասաց նա։

Մանրամասները՝  NEWS.am–ի տեսանյութում։