Ցավոք, կարծում եմ՝ դատարանը Աշոտ Մինասյանի կալանքը կհաստատի, սա Հայաստանում քաղաքական բռնաճնշումների, ռեպրեսիայի շղթայի մի օղակ է: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում լրագրողների հետ զրույցում նշեց 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը:
«Աշոտ Մինասյանը մի անձնավորություն է, որն իր ողջ կյանքով ապացուցել է, որ ինքը ծառայում է Հայաստանի Հանրապետությանը և Արցախին: Պատերազմի առաջին օրվանից Աշոտ Մինասյանն իր հայտնի ջոկատով գտնվում էր առաջնագծում, և դա եղել է հարավում միակ դիրքը, որը մնացել է անառիկ, և ադրբեջանական բանակը չի գրավել: Սա դասական քաղաքական հետապնդման օրինակ է, և այսօրվա դեռևս իշխող վարչախումբը՝ Նիկոլ Փաշինյանը և իր ողջ քաղաքական թիմը, մեկ միլիոներորդական էլ չեն արել Արցախի համար, ինչ արել է Աշոտ Մինասյանը, որն իմ ընկերն է, մեր երկրի պարծանքն է: Սա հերթական խայտառակություն է, ստորություն է, որ անում է Նիկոլ Փաշինյանը։ Վստահ եմ, որ քիչ ժամանակ է մնացել, որ Աշոտ Մինասյանն իր բանտախուցը կզիջի Նիկոլ Փաշինյանին»,- նշեց Շահնազարյանը:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնեն պաշտոնից, քանի որ նա ստորագրել է Հայաստանի համար կապիտուլյացիոն համաձայնագիր. «Արցախը, Հայաստանը ունեն մեկ խնդիր՝ պաշտոնից հեռացնել պետական դավաճանություն գործած Նիկոլ Փաշինյանին։ Ես մայիս ամսին ասել եմ, որ Գլխավոր դատախազությունը նյութեր նախապատրաստի և մեղադրանք առաջադրի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ պետական դավաճանության հոդվածով: Ես շատ եմ ցավում, որ մեր հասարակության մի զգալի հատված դեռեւս չի հասկանում աղետի այն մասշտաբները, որում այսօր մենք գտնվում ենք»:
Շահնազարյանի կարծիքով՝ 1915 թվականի ցեղասպանությունից հետո այս համաձայնագիրը ամենամեծ աղետն է, որն իրականացրել է Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր մենք ոչ միայն պարտված ենք, ոչ միայն կապիտուլյացիոն փաստաթուղթ է ստորագրվել Հայաստանի անունից, այլև ստորացված ենք, որ հանդուրժում ենք այսպիսի իշխանություն: Պատմության մեջ չի եղել այդպիսի դեպք, որ նման դավաճանությունից հետո իշխանությունը մնա»:
Միջազգային հանրությունը պետք է տարանջատի Հայաստանի Հանրապետությանը և Նիկոլ Փաշինյանին. «Նիկոլ Փաշինյանը ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական որևէ հիմք չունի խոսելու ՀՀ-ի անունից, փորձում է բռնաճնշումներով, քաղաքացիական պատերազմի սպառնալիքներով քարշ տալ իր դավաճանական իշխանությունը»:
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին ձերբակալելու իրավաչափության հարցը:
Աշոտ Մինասյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման եւ 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) եւ 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով:











