Աշոտն իմ հրամանատարն է, ես մասնակցել եմ պատերազմին ու այդ արժեքները հասկանում եմ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, դատարանի բակում հայտարարեց Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի մարտական ընկերներից Մուրադ Աղայանը, որը եկել էր դատարանի բակ՝ ի աջակցութուն իր հրամանատարի։

«Մայիսի 28-ը դիմավորեց, ոչ մեկին բանի տեղ չդրեց, ինչ երկրապահ, ինչ կռված տղա. նրանք ոչ մի անգամ անուն չեն տվել, ոչ մի անգամ չեն մեծարել պատերազմն անցած տղերքին։ Մի դիմակի համար թեւ են ջարդել։ Ես այս պատերազմին չեմ մասնակցել, որովհետեւ թեւս այսքանից ավել չի բարձրանում՝ մի դիմակի համար։ Ինձ տարան Ոստիկանություն, այնտեղ ասացին՝ մի դիմակի համար ինչի եք էս մարդուն բերել։ Աշոտն իմ հրամանատարն է, ես մասնակցել եմ պատերազմին ու այդ արժեքները հասկանում եմ»,- ասաց նա։

Նա պատմեց, որ իրեն զանգում են ռուսաստանաբնակ ընկերները եւ ասում, որ թուրքերը նշում են հաղթանակը, իսկ իրենք ամոթից տնից դուրս չեն գալիս. «Հո ես էլ պաշտոն չեմ ուզում, տաքսի եմ վարում։ Էս Թալեաթ Փաշան եկավ իշխանության, ասեցինք՝ լավ է, մի բան կփոխվի, բայց դավաճանեց բոլորիս։ Ռուսաստանից ընկճված զանգում են, ասում՝ թուրքերը քեֆ են անում, իսկ մենք կուչ եկած, ամաչում ենք տնից դուրս գանք։ Դավաճանեց իր թիմի հետ, Խորհրդարանը նախապատրաստեց, կաշառեց։ Դու բանակից գլուխ հանո՞ւմ ես, սպասեցիր տղեդ բանակից գա, որ հետո պատերազմ հրահրես ու հողերը տաս։ Առաջնագծում պայքարել են իրենք հանուն մեզ, հանուն մեր երեխեքի, մեր տների ու հողի։ Այսօր այդ մարդկանց բռնել են թուրքի լամուկները։ Հիմա էլ քննադատում են ժողովրդին, թե ժողովուրդն է մեղավոր»։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 15-ին, Երեւան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է ազատամարտիկ, երեք պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանին ձերբակալելու որոշման իրավաչափության հարցը։

Նշենք, որ մինչեւ դատական նիստի սկսվելը Մինասյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը հայտնել էր, որ Մինասյանին այսօր մեղադրանք է առաջադրվել։