Արդեն փորձ է արվում բանակին ներքաշել քաղաքական գործընթացներում, ինչը ունենալու է անդառնալի կորուստներ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Դա շատ վտանգավոր միտում է։ Արդեն փորձ է արվում բանակին ներքաշել քաղաքական գործընթացներում, ինչը մեզ համար ունենալու է անդառնալի կորուստներ։ Քիչ է, որ այս ընթացքում որքան հնարավոր է բանակը վարկաբեկեցին, տարատեսակ մարդկանց զինվորական հագուստ հագցնելով, տեսախցիկների առաջ կանգնեցնելով եւ ինչ-որ հայտարարություններ անելով, որոնք քաղաքացիական պատերազմ են հրահրում եւ այսքանից հետո իր կարծիքով իր հրաժարականի հարցը չպետք է քննարկվի։ Սա մեզ տանելու է անկանխատեսելի ցնցումների։ Մենք պետություն ենք կորցնում»,- նշեց Սամսոնյանը։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված երեկվա հայտնի գրառմանը, որը մեկնաբանվել էր նաեւ որպես քաղաքացիական պատերազմի կոչ՝ պատգամավորն ասաց. «Սա հերթական քայլն էր՝ հայտարարություն անել, հետո փորձել ծածկադմփոց անել, որ մարդիկ չհասկանան: Եթե ՀՀ վարչապետն անում է հայտարարություն, հետո պետք է դա կոծկի կամ փորձի արդարացանել, նշանակում է՝ այդ մարդը հավասարակշռված չէ. եթե այդ մարդն իր հայտարարություններում չի կարողանում լինել գիտակցված, հավասարակշիռ, ինչ ենք սպասում, որ այս՝ մարտահրավերներով լի ժամանակահատվածում նա կարող է որոշումներ ընդունել։ Չի կարելի ասել մի բան, հրահրել քաղաքացիական բախում, մարդկանց մոտ ստեղծել էմոցիաներ, հետո գալ ասել՝ մենք պահպանելու ենք անվտանգությունը եւ կայունությունը, եւ դա մեզ համար առաջնային է: Սա պարզապես ծաղր է հանրության նկատմամբ, եւ այսպես շարունակվել չի կարող»։