Հեղափոխությունից հետո մեր ձեռքբերումներից մեկը թափանցիկ և մաքուր ընտրություններով իշխանության ձևավորումն է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16–ին, լրագրողների հետ զրույցում ասաց  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Որպես քաղաքացի, որպես պատգամավոր, արտահերթ խորհրդարանական ընտրությունների կարիք ես գուցե և տեսնում եմ, բայց ոչ այսօր երեկոյան։ Իսկ կա՞ Հայաստանում որևէ մեկը, որը կարծում է, որ դա ճիշտ չի։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները օդում կախված հրամայական է, բայց դրան մենք պետք է գնանք այն դեպքում միայն, երբ մեր երկրում ստեղծվի կայուն հասարակաքաղաքական մթոլորտ,- նշեց նա։

Հովիկ Աղազարյանի կարծիքով՝ բողոքի ակցիայի մասնակիցների մեծ մասը ազնիվ մղումներով են գնում, սակայն կան ուժեր, որոնք ցանկանում են «պղտոր ջրում ձուկ որսալ»։ Պղտոր ջրում ձուկ որսացողներին Աղազարյանը անվանեց «վնգստացողներ», բայց կոնկրետ անուններ տալուց խուսափեց։

«Ես չեմ կարող անձնավորել, թե ովքեր կցանկանան սպանել վարչապետին, բայց կան նման ուժեր, Արարատ Միրզոյանի մահափորձը՝ վառ օրինակ»,- նշեց Աղազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նկատմամբ նախապատրաստված մահափորձի վերաբերյալ ԱԱԾ հայտարարությանը։

«Մենք բոլորս պետք է մեկ քայլ ետ նահանջենք։ Կոնկրետ ես մանդատս վայր դնելու, խմբակցությունից դուրս գալու, վարչապետին անվստահություն հայտնելու մտադրություն չունեմ ։ Իմ քայլի ճանապարհային քարտեզը, կարծում եմ, այս շաբաթվա ընթացքում կորոշենք։ Ես անձամբ պատրաստ եմ առաջիկայում անդրադառնալ այդ թեմաներին։ Ամեն բան պարզ կլինի երկու-երեք ամսից, ես չէի ասի, որ մենք պարտվել ենք», -ավելացրեց Աղազարյանը։