Իրավիճակի կայունացման հնարավոր լուծումներն այսօր քննարկվում են. քանի դեռ որոշումներ չկան, ես չեմ կարող հայտարարել: Այս մասին յսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:

Հարցին, թե արդյոք իրենք մերժում են ՀՀ նախագահի առաջարկությունը, ըստ որի, պետք է կազմել անցումային կառավարություն, որը կկազմակերպի արտահերթ ընտրություններ, նա պատասխանեց. «Ոչ, ես ասում եմ, որ բոլոր առաջարկվող լուծումները քննարկվում են կառավարության կողմից»:

Ճշգրտող հարցին, թե արդյոք վարչապետի հրաժարականը եւս քննարկվում է, նա արձագանքեց. «Ես չեմ կարող հստակ ասել, բացահայտել: Եթե քաղաքականության մեջ ինչ-որ բան հրապարակային տեղի չի ունենում, դա չի նշանակում, որ ոչինչ տեղի չի ունենում: Քննարկումներ տեղի են ունենում եւ մեր խմբակցությունում, եւ վարչապետի հետ»:

Լրագրողներին հետաքրքրում էր, թե արդյոք նորմալ է, որ խորհրդարանական երկրում վարչապետը փաստաթուղթ է ստորագրում, որից երկրի նախագահը, ԱԺ նախագահը, խմբակցությունների պատգամավորները տեղյակ չեն, Լենա Նազարյանն ասաց. «Երբ այդ փաստաթուղթը ստորագրվեց, դա ոչ թե վատ առաջարկ էր, որ պետք է բերվեր, քննարկվեր ու մերժվեր, այլ իրավիճակով էր թելադրված, ռազմական դրությամբ էր թելադրված»:

Նա ընդգծեց, որ այդ փաստաթղթի ստորագրման օրը ինչ-որ հրոսակախմբեր մտել են կառավարության, ԱԺ-ի շենք. «մենք պետք է համոզվենք, որ որեւէ բռնություն կամ բռնության կոչեր չպետք է լինեն: Երեկ հենց Գեւորգ գորգիսյանը, տիկին Զոհրաբյանը նման արտահայտություններ արեցին»:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ականների պնդումներին, որ ԲՀԿ-ն չի մասնակցել այդ անկարգություններին, ԱԺ փոխխոսնակն ընդգծեց. «Ես հղում եմ անում կառավարության անվտանգության աշխատակցին, եւ վարչապետի աշխատակազմի ղեկավարին, որոնց հավաստմամբ ստորագրման օրը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը, որը նաեւ Գագիկ Ծառուկյանի փեսան է, եղել է այն մարդկանց խմբում, որոնք ներխուժել են կառավարության շենք եւ ջարդուփշուր արել այնտեղի գույքը: Նման վարքը ոչ մի աղերս չունի վշտի արտահայտման, բողոքի կամ քաղաքակրթության հետ: Երբ այդ երեւույթները կդատապարտվեն նրանց կողմից, թող այդ ժամանակ պահանջեն հրաժարական: Այս պայմաններում հրաժարական պահանջելը, երբ մտնում են ու ջարդուփշուր են անում, իրենք ո՞նց են պատկերացնում, հրաժարականի դեպքում ի՞նչ կարող է կատարվել»: