«Միասնություն» շարժման ղեկավար, կամավորական Արման Վարդանյանը տեսանյութ է հրապարակել, որում ինքը խոսում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների մասին։

«Ես ցավ ապրեցի, երբ իմ երկրի քաղաքական ղեկավարը իր եւ իր քաղաքական թիմի փոխարեն որոշեց ամեն ինչ բարդել բանակի վրա։ Մեր բանակը չի պարտվել, պարտվել են պատասխանատուները։ Կոչ եմ անում՝ հանգիստ թողեք բանակը, զբաղվեք ձեր գործերով։ Երեկվա հորդորից հետո ես ցանկանում եմ մի քանի բառ ասել մեր քաղաքական գործիչներին մասնավորապես ՀՀ վարչապետին, որոնք իրենց խնդիրները թողած րոպեն մեկ կոչեր են անում բանակին, գնահատականներ են տալիս բանակին։ Բոլոր խնդիրների մեջ պատասխանատու են այն մարդիկ, որոնք պետք է ապահովեին բանակը նորագույն սպառազինությունով։ Այն մարդիկ, որոնք կասկածում են, որ որեւիցե մեկը տեղում չի արել այն առաջադրանքը, որը դրված է եղել, այդ մարդիկ չարաչար սխալվում են»,- նշեց նա։

Վարդանյանն ընդգծեց, որ Հայոց բանակը, կամավորները կռվել են հերոսաբար եւ արել են ամեն ինչ, որպեսզի ապահովեն մեր հաղթանակը. «Մեր բանակը չի պարտվել, պարտվել են այն մարդիկ, որոնք պատասխանատու էին շատ բաների համար»։

Արման Վարդանյանը կոչ արեց բոլոր քաղաքական դերակատարներին՝ հանգիստ թողնել բանակին. «ՀՀ վարչապետ, զբաղվեք ձեր գործերով, հրաժարական եք տալիս, փոխում եք, ինչ եք անում, ստեղծեք ու արեք քաղաքացիական մարդկանցով, թողեք հանգիստ բանակը։ Ես չեմ ուզում ասել՝ այդ կոչերից հետո քանի խնդիր է եղել բանակում։ Կոչ եմ անում բոլոր դիրքապահ տղաներին, կամավորներին՝ շարունակեք պաշտպանել մեր սուրբ հողը, մի տրվեք որեւէ պրովոկացիաների»։