Նախարարը մինչեւ այսօր չի՞ հասկացել, որ պատերազմի ժամանակ կրկնակի է դժվարանալու մատակարարումը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ասաց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, թե մատակարարումների առումով Հայաստանը շրջափակման մեջ է եղել։

«Պաշտպանության նախարարը պետք է հասկանար՝ որտեղ է գտնվում, ինչ պայմանագրեր կան, եւ ոչ միայն այսօր, այլ նաեւ նախքան պատերազմը ռազմական մատակարարումները բոլորն իրականացնում էինք գաղտնի: Որեւէ երկիր մեզ չէր թույլատրում զենք-զինամթերք գնել: Նախարարը մինչեւ այսօր չի՞ հասկացել, որ պատերազմի ժամանակ կրկնակի է դժվարանալու մատակարարումը: Նա պետք է հասկանա, որ պատերազմի համար նյութական միջոցները պետք է լինեն մեր պահեստներում, ոչ ուրիշ երկրում: Ուզում եմ նաեւ ասել, որ ՊՆ-ն ոչ մի դերակատարություն չունի մատակարարումների հետ: Այն մատակարարումները, որ իրականացվել է պատերազմի ժամանակ, իրականացրել է մեր բարեկամ երկիրը Ռուսաստանը: Մեկ ուրիշ փակագիծ էլ կբացեմ: Սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ վարչապետը դեռ չէր զանգել ՌԴ նախագահին ու խնդրել աջակցության: Եվ ՌԴ-ն ըստ իս, իրկանացրել է զուտ իր խղճի հանդեպ զգացողություն չունենալու համար: Ռուսաստանը տրամադրել է այն առավելագույնը, ինչ հնարավոր է եղել անել եւ մենք պետք է շնորհակալ լինենք: Տվել է այն, ինչը մենք չենք երազել»,- նշեց նա։

Անդրադառնալով Գլխավոր շտաբի պետի պաշտոնից իր հեռացման պատճառներին, Մովսես Հակոբյանը նշեց, որ վարչապետը դա հիմնավորել է նախկին բոլոր ղեկավարներին փոխելու որոշմամբ։ 

«Ինձ համար դա բավարար է եղել, որ ես չխանգարեմ: Ես մնացել եմ զուտ նրա համար, որ այս պաշտոնով փորձեմ ինչ-որ օգուտ բերել: Որոշ հաջողություններ ունեցել եմ, օրինակ, Օնիկ Գասպարյանը, ՊԲ 5-րդ գումարտակը, որ ցրել է, առաջին օրը, որ եկել է, հրամանով վերականգնել է այդ գումարտակը: Եթե գիտեք, 5-րդ պաշտպանական շրջանի ամենաթեժ մղվող մարտերը այդ գումարտակներն են եղել, ընդամենը 2 ամսվա ծառայողներով, եւ առաջին պաշտպանական շրջանի ամենից թեժ մարտերում հենց այդ նոր ձեւավորված գումարտակն է եղել: Ինչ-որ հաջողություն ունեցել ենք: Իսկ հիմա, ես գտնում եմ, որ անելիք չկա, ընդհանրապես: Հիմա վտանգը շատ մեծ է, Արցախը կորսված է, իսկ Հայաստանը՝ վտանգված»,- ասաց նա։