Դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովի նիստում իշխող «Իմ քայլը» դաշինքը 20 րոպե ընդմիջում վերցրեց:
Մինչ դա խորհրդարանը պետք է սկսեր Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին եւ պատանդներին արագ վերադարձնելու հարցի քննարկման քվեարկությունը: Քննարկումը նախաձեռնել է խորհրդարանական ընդդիմությունը ներկայացնող պատգամավորների 1/5-ը:
Իշխող «Իմ քայլը» դաշինքի պնդմամբ՝ այս հարցի քննարկումը պետք է ընթանա փակ ռեժիմով: Նման առաջարկով հանդես եկան Ազգային ժողովի փոխնախաագահ Ալեն Սիմոնյանը եւ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նրանց կարծիքով՝ բաց ռեժիմով հարցի քննարկումը կարող է վնաս հասցնել ռազմագերիներին եւ պատանդներին: Այդուհանդերձ, խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Լուսավոր Հայաստան» կուսակցության, պնդում է բաց քննարկման անցկացումը:
«Մենք ենք նախաձեռնել այս հարցի շուրջ քննարկումը, նաեւ քննարկման ավարտին հանդես կգանք ուղերձով, որը չունի քաղաքական ոչ մի ենթատեքստ: Նախօրեին իշխող «Իմ քայլը» դաշինքից Խորհրդարանական խորհրդի անդամները փորձեցին տապալել այս հարցի քննարկումը: Պարզվեց, որ նրանք չեն կարող դա անել, եւ այս հարցն անպայման պետք է քննարկվի: Ինչո՞ւ էին նրանք ուզում տապալել քննարկումը: Որպեսզի մենք այս թեմայով ելույթ չունենանք: Բայց երբ ակնհայտ դարձավ, որ իրենք ոչինչ չեն կարող անել, որոշվեց այս հարցը քննարկել, բայց փակ ռեժիմով: Մենք դա անիմաստ ենք համարում, քանի որ պատգամավորները բոլոր ելույթները կարող են կատարել խորհրդարանական ժամին»,- նշեց «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները խորհրդարանի նիստը բոյկոտում են:











