Եթե երկու վեհափառները կոչ են անում Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ, հավատք ունեցող, աստվածավախ մարդը միանշանակ պետք է հրաժարական տա կամ գոնե գտնի ինչ-որ լուծում, արձագանքի դրան, նա որեւէ կերպ չի արձագանքում մեր երկու հայրապետների խոսքին եւ շարունակում է իրեն դնել անհասկացողի տեղ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովի մոտ ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը գնալու է, որեւէ կասկած չկա դրանում: «Ամանորն առանց դավաճան Նիկոլի: Չի մնալու, նրա օր, վայրկյան ավել իշխանության մնալը ուղիղ սպառնալիք է ժողովրդին: Վարչապետի աջակից կոչեցյալները մեր քաղաքացիներն են, մեր հայերն են եւ որեւէ կերպ չեմ ուզում նրանց վիրավորել, բայց դուք տեսնում եք նրանց մակարդակը, խոսքը, քանակը, ուղղակի ամոթ է: Ես կոչ եմ անում այդ մարդկանց չտրվել գայթակղությունների, որ խոստումներ, գումարներ է տալիս, ես տիրապետում եմ այդ տեղեկություններին»,– ասաց նա: