Ժամանակավոր կառավարությունն իր առջև ունենալու է  պարենային անվտանգության ապահովման, ներդրողներ բերելու և տնտեսության վերաթարմացման գերխնդիրները։ Այս մասին այսօր երթով դեպի խորհրդարան շարժվելիս լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

«Տնտեսությունը ծանր էր մինչ պատերազմը, հիմա ծանրագույն վիճակում է հայտնվել։ Միայն այն, որ հայրենիքի 1/3 մասը կորցրել ենք, որը ոչ միայն որպես հողային ֆոնդ էր, այլ նաև տնտեսական հսկայական ներուժ ունեցող և ներդրումներ կատարած տարածք։ Այս բոլորը երկրի ՀՆԱ-ն կրճատելու են, սրվելու է աղքատությունը, մարդիկ գործազուրկ են դառնալու, դրան գումարած փախստականների, անտուն մնացածների, հաշմանդամների հսկայական բեռը երկրի առջև բերելու են հսկայական ռեսուրներ ներգրավելու պահանջ։ Իսկ դա նշանակում է, որ այն իշխանությունը, որը միայն իրենց պարգևատրումներն է պատկերացնում այս ամբողջ ընթացքի մեջ, երկիրը տանելու է տնտեսական վերջնական կործանման։ Նոր իշխանությունը կարևոր խնդիր ունի լուծելու՝ կասեցնել տնտեսական կործանում, բերել սոցիալական վիճակի կայունություն, լուծել առողջապահական համակարգի խնդիրները։ Եթե այս խնդիրները չլուծվեցին դրան էլ գումարվեց սպասվող արտագաղթը, նշանակում է Հայաստանը կենսական նշանակության առումով զրոյանալու է։ Չափազանց կարևոր է, որ հասարակությունը գիտակցի, որ ներկա իշխանությունների օրոք մենք չունենք տնտեսական փլուզումը կանգնեցնելու շանս, բոլոր այն հնարավոր ներդրումները, որոնք պետք է գային, չէին լինելու այս իշխանության պայմաններում։ Իրենք ցույց են տվել, որ չեն հանդուրժում  ներդրումները։ Պատերազմը վերսկսվելու է շատ դաժան ձևով, եթե Նիկոլ Փաշինյանը մնաց։ Ժամանակավոր կառավարության գերխնդիրն է լինելու ոչ միայն դաշնակից երկրների հետ բարիդրացիական հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը խորացնելով լուծել պարենային անվտանգության հարցը, այլ նաև հակաճգնաժամային շրջափուլում ապահովել մեր նվազագույն պահանջները, որից հետո վերաթարմացնել մեր տնտեսությունը։ Ժամանակավոր կառավարության գլխավոր խնդիրը կայունություն ստեղծելն է», - ասաց Արծվիկ Մինասյանը։

Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ հայկական սահմաններ ներխուժած ադրբեջանցիների համար պատասխանատու են, սահմանապահ զորքերը, ոչ թե հասարակ գյուղացին, որը ստիպված բանակացում է ադրբեջանցիների հետ։

«Հայաստանն ունի օրենսդրություն վարչատարածքային բաժանման և պետական սահմանի մասին։ Եվ այս իշխանությունն այսօր օրենսդրություն չի կատարում, նույնիսկ պատասխանատու մարդ չի նշանակել, որպեսզի այս իրավիճակում կարողանա բանակցել ադրբեջանցիների հետ։ Ադրբեջանական գեներալի հետ բանակցում է մեր պարզ գյուղացին կամ համայնքի ղեկավարը։ Հայաստանի կառավարությունը ունի սահմանապահ զորքեր, որոնք ենթակա են ԱԱԾ-ին, ո՞ւր են իրենք։ Սա աբսուրդ է։ Մենք սրանով համոզվում ենք, որ այս իշխանությունը ոչ միայն հողատու է, այլ նաև անպատասխանատու, հայրենադավ։ Եթե իշխանությունը վայրկյան առաջ չհեռանա, մենք կորցնելու ենք նաև Հայաստանի սահմաններից շատ տարածքներ և հայտնվելու ենք ծայրահեղ ծանր վիճակում, կորցնելու ենք պետականությունը և հայտնվելու թուրքական մի բնակավայր դառնալու շեմին», -  նշեց Արծվիկ Մինասյանը։

Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ իշխող խմբակցության պատգամավորները ժողովրդին պետք է բացատրեն՝ իրենք կիսում են դավաճանի գործողությունները թե կանգնած են արժանապատվությունը վերականգնող շարժման կողքին։

«Վաղն իրենց դատելու են այսօրվա իրենց վարքագծով։ Եվ եթե իրենք այսօր չկանգնեն «Հայրենիքի փրկության շարժման» կողքին, չքվեարկեն Վազգեն Մանուկյանի օգտին որպես միասնական թեկնածու, ուրեմն՝ նրանք հավերժ կմնան հայ ժողովրդի պատմության մեջ որպես դավաճաններ և դավաճանությունը պաշտպանող անհայրենիք մարդիկ», - ավելացրեց Արծվիկ Մինասյանը։