Այսօր մենք ունենք պարտության սիմվոլ՝ Հայաստանի Հանրապետության ղեկավար ու մեր խմբի պահանջը, եւ ինձ թվում է՝ սա մեծամասամբ հայ ժողովրդի պահանջն է, որ մեր պարտության սիմվոլ վարչապետին փոխենք: Այս մասին այսօր դեկտեմբերի 9–ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Միասնական Հայաստան» նախաձեռնության անդամ Հրայր Նարիմանյանը, որը նույնպես մասնակցում էր Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներին։
«Թե ով կգա, կգա նոր ընտրություններով, բոլորս կընտրենք, ու նրանք կկարողանան համակարգել այս ամենը, այս կապիտուլյացիոն պայմանագիրը եթե կարողանան, կփոխեն, եթե չեն կարող փոխել, հաստատ ավելի լավ կկառավարեն, որովհետեւ պարտության սիմվոլ ունենալը մեր ժողովրդի համար ամոթալի է։ Ես անկախության սերնդի ներկայացուցիչ եմ, ինձ դաստիարակել են հերոսներով, տարել են Եռաբլուր, ցույց են տվել հերոսների, այսօր իմ հասակակից իրական հերոսները նույնպես պառկած են Եռաբլուրում, բայց մեր պարտության սիմվոլ վարչապետը դեռ չի գնում։ Ես հույս ունեի, որ իր մեջ կգտներ քաջություն, ինքնակամ հրաժարական կտար, բայց ոնց հասկանում եմ, չի լինում այդ ամենը։ Դրա համար մեր նախաձեռնող խումբը կոչ է անում մեր բոլոր հայրենակիցներին դուրս գալ փողոց, միասնական ուժերով հեռացնենք Նիկոլ Փաշինյանին»,– ասաց նա։
Նաիմանյանի կարծիքով՝ շարժումը գնալով ձնագնդի պես ավելի ու ավելի կմեծանա։
«Բոլորին կոչ եմ անում միանալ շարժմանը, որովհետեւ սա օրհասական պահ է, մենք ունենք տարածքների խնդիր, դեռեւս ընթանում են սահմանագծման գործընթացներ, եւ մենք դեռեւս տալիս ենք։ Անհրաժեշտ է, որպեսզի փոխվի իշխանությունը, գան մարդիկ, ովքեր կարող են կառավարել ու մեր պետությունը բերել նորմալ վիճակի։ Նիկոլ Փաշինյանը եկել է նման անհնազանդության ակցիաներով։ Հիմա կա խնդիր համավարակի հետ կապված, մարդիկ վախենում են վարակվել, որովհետեւ դրանից մարդիկ են մահանում։ Ամեն մեկը պետք է իր պայքարի միջոցը գտնի։ Մենք գտել ենք ամենառացիոնալ միջոցը՝ փողոց դուրս գալը։ Եթե նրանք ունեն այլ տարբերակներ, թող առաջարկեն, միգուցե մենք կմիանանք նրանց, բայց իմ կարծիքով՝ սա է ամենախելամիտ տարբերակը։ Պատրաստվում ենք անհնազանդության ակցիաներ իրականացնել, պահանջել մեր՝ մինչեւ 4000 զոհ տված եւ կապիտուլացիոն համաձայնագիր ստորագրած իշխանության հրաժարականը։ Բոլոր օրինական միջոցները օգտագործելու ենք, որպեսզի դրան հասնենք։ Թող լինեն նոր ընտրություններ, ժողովուրդն իր կամքն արտահայտի։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները պետք է գտնվեն խելամիտ եւ հասկանան, որ ուղղակի պետք է հեռացնել վարչապետին, եւ կօգնեն այդ գործընթացին»,– ասաց նա։











