Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ չի եղել երբեք, բայց երբ 2016-ին ապրիլյան պատերազմ էր տեղի ունենում, ՔՊ-ն իր ամբողջ կազմով մեկնել էր առաջնագիծ, ու դրանից հետո թեեւ եղան տարածքային կորուստներ, մենք դա օրակարգային հարց չսարքեցինք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կանեին իրենք, եթե Սերժ Սարգսյանը ժամանակին նման կապիլտուլյացիոն հայտարարություն ստորագրեր:
Ինչ վերաբերում է պնդմանը, թե Նիկոլ Փաշինյանը կառչած է մնում իր աթոռից, Ալեն Սիմոնյանն ասաց. «Մարդ չի կարող կառչած մնալ իր խաչից: Դա խաչ է, աթոռից կառչածի տրամաբանությունն այն ժամանակ էր, երբ այս շենքում քայլում էին օլիգարխները հաճախ փող էին բաժնում, կամ ասում էին՝ ինձ 600 եվրո տվեք, որ հարցազրույց տամ: Իսկ երբ մարդ կա, որ պատրաստ է իր խաչից կառչած լինել, ես կարող եմ մեծ հաճույքով մոռանալ իմ պատասխանատվության զգացումը եւ հետ գնալ: Բայց մենք ունենք անելիք: Հայաստանում որոշումը կայացնելու է ՀՀ ժողովուրդը: Կանենք ընտրություններ, երբ դրա անհրաժեշտությունը գա:
Կլինի դա արտահերթ, կլինի հերթական , որը ես քիչ հավանական եմ համարում քաղաքական լարվածությունը հաշվի առնելով, կապահովենք դա: Մենք միակն ենք, որ ՀՀ-ում ապահովել ենք հնարավորություն, որ դուք օրինակ գնաք ու ընտրեք ոչ թե մեզ, այլ ասենք, ընդդիմությանը: Ոչ թե այն մարդիկ, որոնք «Գազելներով» մարդ էին բերում ընտրության, որոնք գիշերով «Ազատության» գրասենյակ էին մտնում: Ինչո՞ւ էին ՀՅԴ-ի ներկայացուցիչները մտնում «Ազատության» գրասենյակ, երբ լրագրողներին ծեծում էին նկարահանելու համար:
Ես կարծում եմ, որ ՀՀ ժողովուրդն այնքան գիտակից ու իմաստուն է, որ այն ուղեղի լվացումը, որ բոլոր կողմերից փորձում են իրականացնել, չի ստացվելու: Մարդը, այո, մեզ չի սիրում, ջղայնացած է մեզ վրա, բայց հասկանում է, անցյալին վերադարձ չի լինելու: Պատկերացրեք, որ ժողովուրդն այնքան չի սիրում հարթակում կանգնած մարդկանց, որ այդքան մեղադրանքներից հետո մարդն ասում է, որ էլի կանգնած է վարչապետի կողքին»:
Դիտարկմանը, որ «Իմ քայլի» պատգամավորներից մեկը (խոսքը Քրիստինե Պողոսյանի մասին է-խմբ) պատերազմի ժամանակ սպառնում էր լրագրողին. Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Գլուխը պատով է տվել»:











