Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն այլընտրանք չունի: Այս մասին դեկտեմբերի 11-ին ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը
Նրա խոսքով՝ սա ոչ միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, արտախորհրդարանական քաղաքական ուժերի, կաթողիկոսների, նախկին նախագահների, նախկին վարչապետների, հանրության տարբեր շերտերի եւ խմբերի՝ ի դեմս մտավորականության օրակարգն է, այլեւ ազգային անվտանգության հարց, որը ծառացել է երկրի առջեւ:
«Մենք վերահաստատում ենք, որ Ղարաբաղի տարածքի 75 տոկոսի կորստից հետո սպառնալիքի տակ են հայտնվել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի բնակավայրերն ու բնակիչները, որոնք կրկին սահմանամերձ են դարձել: Նիկոլ Փաշինյանը չի կարող այսուհետեւ եւս մնալ Հայաստանի անվտանգության երաշխավորը: Մեր պայքարը, բնականաբար, կշարունակվի բոլոր մեթոդներով, բայց օրենքի շրջանակում»,- շեշտեց Տոնոյանը՝ հավելելով, որ իրենք կշարունակեն իրականացնել քաղաքացիական անհնազանդության ակցիաներ եւ հանրահավաքներ:











