Բոլոր այն համայնքապետերը, որոնք պահանջել են Նիկոլ Փաշինյանի՝ հող հանձնողի հրաժարականը, տարբեր անհեթեթ պատճառաբանություններով հրավիրվում են ԱԱԾ, հող հանձնածը փորձում է ռեպրեսիաներով պահել իր իշխանությունը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Հոգեվարքի մեջ գտնվող հող հանձնածը փորձում է թաքնվելով ուժային կառույցների հետևում պահել իր փոքրիկ իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը համառորեն հրաժարվում է հասկանալ, որ ինքն այլևս Հայաստանում իշխանություն չունի»,- հայտարարեց նա:

Լրագրողի դիտարկմանը, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները խոսում են արտահերթ ընտրությունների մասին, Նաիրա Զոհրաբյանն սաց. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են լինել միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո»:

Նշենք, որ քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են իրականացնում Երեւանի տարբեր հատվածներում: Նրանք «արժանապատվության երթով» շարժվել են դեպի Ֆրանսիայի հրապարակ՝ վանկարկելով «Նիկոլ դավաճան»:

Ակցիայի բազմաթիվ մասնակիցների ոստիկանները բերման են ենթարկել, այդ թվում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Մանուկյանը: