Ընդամենը երեք շաբաթ առաջ հստակություն չկար՝ Մինսկի խմբի համանախագահ երկրները կարո՞ղ են արտգործնախարարների մակարդակով պայմանավորվել հերթական հայտարարության շուրջ, որ ընդունվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության գոյության փաստացի ամբողջ ընթացքում, բայց նրանք դա, այնուամենայնիվ, արեցին: Այս մասին դեկտեմբերի 11-ին ղարաբաղյան հակամարտությանը նվիրված քննարկման ժամանակ ասաց նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ սա կարեւոր է, քանի որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից անմիջաապես հետո որոշակի հարցեր կային այն մասին, որ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն այնքան էլ միանշանակ չեն մոտեցել հայտարարվածին:

«Շատ լավ է, որ նրանք պայմանավորվել են այդպիսի հայտարարություն ընդունելու շուրջ, ինչը նշանակում է Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի աջակցություն Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի հասնելու ջանքերին: Հենց դրանով նշվում է այն միջոցառումների կարեւորությունը, որոնք Ռուսաստանը ձեռնարկում է ռազմական գործողությունների վերսկսում թույլ չտալու համար: Այս պատերազմը սկսվելու պահից ես միշտ շեշտել եմ, որ ռազմական գործողությունները կարող են կանգնեցվել Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ եւ ռուս խաղաղապահների ներկայությամբ: Սրա շուրջ պայմանավորվելն այնքան էլ հեշտ չէր ՄԱԿ Անվտանգության խորհրդի շրջանակում, քանի որ այնտեղ ոչ բոլորն էին միանշանակ վերաբերվում տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայությանը»,- նշեց Նալբանդյանը:

ԱԳ նախկին նախարարը հավելեց, որ նոյեմբերի 9-ին ընդունված հայտարարությունը, այնուամենայնիվ, միջազգային իրավական հիմք է ստեղծել ռուս խաղաղապահների ներկայության եւ մարտական գործողությունների դադարեցման համար:

«Սա չափազանց կարեւոր պահ է: Հայտարարությունը, որը ԵԱՀԿ շրջանակում ընդունվել էր Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարների, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի կողմից, կարեւոր է նաեւ այն տեսակետից, որ մինչ այդ կասկածներ կային այն մասին, թե հնարավո՞ր է արդյոք պահպանել Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը, քանի որ այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ նրանք այլեւս անելիք չունեն: Այս ձեւաչափի պահպանումն անչափ կարեւոր էր, եւ դրանում շահագրգռված էին թե՛ ԵԱՀԿ-ն, թե՛ համանախագահ երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը: Ըստ էության, հաստատվել է, որ այդ ձեւաչափը պահպանվում է եւ աշխատանքը կշարունակի: Այս հայտարարության մեջ հստակ նշված է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի առաքելությանը համանախագահող երկրների լիակատար աջակցության մասին: Սա նույնպես անչափ կարեւոր պահ է»,- ամփոփեց նա: