Արցախի Քաշաթաղի շրջանի Տանձուտ գյուղը, որի դպրոցը նախորդ տարի վերակառուցվել և անվանակոչվել էր Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի անունով, 120 այլ համայնքների հետ նույնպես անցել է թշնամուն։ NEWS.am–ի հետ զրույցում Ադամ Սահակյանի մայրը՝ տիկին Գայանեն նշեց, որ ինչպես Արցախի մյուս բնակավայրերի, այնպես էլ Քաշաթաղի կորուստն իր ընտանիքի համար ծանր հարված է։
«Ամենավատ երազում անգամ չէի պատկերացնի, որ պատերազմն այսպիսի ելք կունենա։ Մեզ համար անգամ մեկ զինվորի, սպայի կամ կամավորի կորուստը չափազանց թանկ է»,–ասաց նա։
Տիկին Գայանեն հայտնեց, որ թշնամուն անցած Իշանաձոր գյուղի դպրոցում էլ Ադամի անունով դասասենյակ է եղել։ Ապրիլյան ատերազմից հետո հերոսի ծնողները Արցախի տարբեր քաղաքներում և գյուղերում մասնակցել են Ադամին նվիրված հիշատակի բազմաթիվ միջոցառումների, արժանացել արցախցիների ջերմ ընդունելությանն ու մեծարանքին։
«Արցախում գրեթե ամեն ընտանիքում մեկ զոհ կա՝ սկսած 1990–ականներից, և այդ նահատակների միջից ընտրել Ադամ Սահակյանին և նրա անունով դպրոց կամ դասասենյակ անվանակոչելն, իսկապես պարտավորեցնող է։ Ադամի զոհվելուց հետո, երբ գնացինք Ջաբրայիլ՝ (ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական Ջրական) ներկա գտնվելու զինվորների մկրտությանը, Ստեփանակերտի բոլոր դպրոցները միջոցառում էին կազմակերպել և մեզ հրավիրել էին։ Մենք հնարավորություն ունեցանք ընդամենը երկու դպրոց այցելել, որտեղ փառահեղ ընդունելության արժանացանք։ Դպրոցներում բարձր մակարդակի միջոցառումներ էին կազմակերպվել, երեխաները նամակներ էին գրել այն մասին, թե ինչպես են Ադամով ոգեշնչված։ Կարծես Ադամն ապրում էր այդ երեխաներից յուրաքանչյուրի մեջ։ Արցախցի ընտանիքներ կան, որոնք այցելելով Երւան անպայման գնում են Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցում Ադամի հիշատակին»,–պատմեց հերոսի մայրը։
Գայանե Սահակյանը նշեց, որ ցավով է հետևում արցախցիների նկատմամբ տարվող ատելության քարոզին, հաճախ, իրականության հետ որևէ կապ չունեցող մեկնաբանություններին։ Նրա խոսքով՝ Արցախում յուրաքանչյուրը սահմանապահ է՝ կին, տղամարդ, թե երեխա։
Անդրադառնալով երկրում տիրող ատելության մթնոլորտին, համացանցում լայն տարածում ստացած հայհոյախառը մեկնաբանություններին, հերոսի մայրն ասաց.
«Պետք է պատասխանատվության ենթարկել հայհոյախառն արտահայտություն անող ցանկացած անձի, անհնարին ոչինչ չկա, բարդ չէ նման մարդկանց հայտնաբերելը։ Ազատությունն այն չէ, որ ինչ ուզեն անեն, ինչպե՞ս կարելի է այդ ազատությունը «գցել» բոլորի առաջ։ Այսօր մեր զինվորներին ուղղված ադրբեջանցիների վիրավորանքներն ու հայհոյանքներն անպատասխան են մնում, փոխարենը հայ ժողովուրդը մեկը մյուսին է վիրավորում։ Սա աղետալի երևույթ է և պետք է արմատախիլ անեն։ Արժանապատվություն ունեցող մարդը իրեն նման բան թույլ չի տա։ Սա մեր ազգի նկարագիրը չէ, սա կեղծ օրակարգ է, որը չգիտես որտեղից հայտնվեց և դարձավ շատ «օրինաչափ»»։
Մանրամասները՝ NEWS.am–ի տեսանյութում։











