Պարոն Մանուկյան, ես մի արցում ձեզ հետ համաձայն չեմ, որ Նիկոլ Փաշինյանն օգտակար կլիներ դրսներում մեր շահերը պաշտպանելիս. նա մի անգամ եղել է Թուրքիայում և մեր շահերի պաշտպանությունը նստել է շատ թանկ, նրա տեղը բանտախուցն է, նա դա շատ լավ գիտակցում է և չի գնալու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, մտավորականների և մշակույթի գործիչներ հետ հանդիպման ժամանակ, դիմելով  «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին՝ ասաց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Սերժ Սրապիոնյանը:

«Ինչ վերաբերում է կտրուկ միջոցներին, մենք չենք կարող ավտոմատը տալ մեր իսկ ընտրած առաջնորդի ձեռքը և ասել՝ գնա իշխանությունը Նիկոլից խլի: Նիկոլը շատ սիրուն իշխանությունը պահում է իր ձեռքին՝ իր վիթխարի ֆեյքաբանակով, իսկ մենք քարոզչական ի՞նչ միջոցներ ենք անում՝ մեր ճշմարտությունը տեղ  հասցնելու համար: Բոլորս մտավորականներ ենք, ի՞նչ ենք արել թաքնված, ծախու արարածներին ճշմարիտ պատասխանելու եւ տատանվող հանրությանը ճիշտ ինֆորմացիա տալու համար, որպեսզի գան հրապարակները։ Մենք այդ քայլը չենք արել, եւ այստեղ մեղավորը նաեւ մենք ենք»,-ասաց Սրապիոնյանը:

Նա նաեւ հավելեց. «Ես ամենավտանգավորը համարում եմ կոմունիկացիոն խնդիրը՝ Նախիջեւանից Մեղրի ճանապարհը եւ Ալիեւի առաջարկած երկրորդ ճանապարհը: Պարոն Մանուկյան, Դուք, կարծում եմ՝ այստեղ վրիպում եք. այդ թղթերի տակ հավելված կա։ Այդ հավելվածը Նիկոլ Փաշինյանն է։ Երբ լսեիք նրա այսօրվա ելույթը, կհասկանայիք, որ մենք արդեն մեղադրվում ենք արտասահմանից ղեկավարվելու համար։ Սա քարոզչություն է։ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության քարոզչությամբ։ Մենք այդ քարոզչությունը լավ չենք անում»:

Սրապիոնյանը ելույթի ավարտին հիշեցրեց Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպի հերոսուհու խոսքը․ «Մելիք որ մեռավ, երկու սիրտ ուներ ու չորս պլոճիկ: Էնոր սրտի մեջ չաթալ օսկոր կա։ Էդպիսի սերունդ չկա, որ ծնվի»։

«Ես ասում եմ՝ Խաչիկ Դաշտենցը սխալվել էր։ Վկան՝ այն կորուստները, որ տվեցինք այս պատերազմում։ Նրանք «երկու սիրտ» ունեին, եւ «չորս պլոճիկ», ու նրանց սրտի մեջ «չաթալ օսկոր» կար։ Բերեք, պահենք այդ «չաթալ օսկորի» մնացորդացը, որովհետեւ Նիկոլն արդեն ասաց՝ հայոց բանակը Հայաստանի սահմաններն է պահելու։ Դա նշանակում է՝ «Ես Արցախը տվել եմ Ալիեւին»։ Իսկ մենք թույլ չենք տալու, մենք գալու ենք ձեր հետեւից»,- հայտարարեց Սերժ Սրապիոնյանը։