Մենք հավաքվել ենք այստեղ նախ մեր աջակցությունը հայտնելու «Հայրենիքի փրկության շարժմանը» եւ երկրորդը,  միաձայն ասելու՝ Նիկոլի մնալու ամեն ժամը, ամեն օրը փորձանք է այս ժողովրդի գլխին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, «Հայրենիքի փրկության ճակատի» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ մտավորականների հանդիպման ժամանակ ասաց դրամատուրգ Սամվել Խալաթյանը:

«Նիկոլիզմը սոսկ քաղաքական շարժում չի, հասարակական հիվանդություն է: Հոգեկան շեղում ունեցողները բոլորն ինքնակայացման համար նիկոլական են: Արհամարհված ամբոխը, որ կայացման տեղ չուներ,  բոլորը նիկոլական են: Սա հիվանդության պալար է, որ պետք է հեռացվի, եթե հարկ կա, նույնիսկ վիրահատության միջոցով: Շատ հապաղում ենք պարոն Մանուկյան»,-ասաց նա՝ կոչ անելով ավելի շատ հարթակ տրամադրել մտավորականներին ու մշակույթի գործիչներին:

«Մենք հոգնել ենք քաղաքական դեմքերից՝ մանավանդ հիշելով նրանց անցյալը: Երբ մայրաքաղաքում եք ապրում, թվում է, թե բոլորը դրանով են ապրում: Ոչ ընկերներ, շրջաններում քնած վիճակ է: Միայն վերջերս ի պատիվ ՀՅԴ-ի, որին զորավիգ կանգնեցին «Հայրենիքն» ու ՀՀԿ-ն, փոքրիկ մի բան եղավ Վանաձորում: Այո, մարդիկ ընկճախտի մեջ են, ցավի, սգի մեջ են: Մենք չպետք է սպասենք, որ ժողովուրդն իրեն-իրեն դուրս կգա կմիանա մեզ»,-ընդգծեց Սամվել Խալաթյանը: