Նախօրեին բրիտանական կղզիներում մոլեգնող «Բելլա» փոթորիկը կիրակի գիշերը հասել է Բելգիա,

Քամու արագությունը տարբեր համայնքներում, այդ թվում՝ Բրյուսելում, հասնում է 80-100 կմ/ժ-ի: Ծովափին գրանցվել է քամու մինչեւ 120 կմ/ժ արագություն:

Բելգիայում Թագավորական օդերեւութաբանական ինստիտուտը հայտարարել է եղանակային վտանգի նարնջագույն աստիճան Լյոժ, Նամյուր եւ Լյուքսեմբուրգ նահանգներում ավտոմեքենաների շարժման համար, որտեղ կիրակի գիշերը սկսվել են ձյան առատ տեղումներ եւ գրանցվել է ճանապարհներին մերկասառույց:

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ փրկարարներն անդադար աշխատում են ընկած ծառերից եւ ճյուղերից ճանապարհները մաքրելու ուղղությամբ:

Բրյուսելում քամու պատճառով փակ են այգիների եւ անտառային գոտիների մուտքը: Երկուշաբթի գիշերը մերկասառույց է սպասվում ամբողջ երկրում:

Մինչդեռ իշխանությունները դեռեւս փոթորկի հասցրած վնասը գնահատում են որպես աննշան:

Ուժգին քամիներ են գրանցվել կիրակի Ֆրանսիայի հյուսիս-արեւմուտքում, իսկ երեկոյան քամիներ են սպասվում նաեւ երկրի հարավ-արեւմուտքում եւ հյուսիս-արեւելքում: Լա Մանշում քամին տեղ-տեղ հասնում է 130 կմ/ժ-ի: Փոթորիկը կգրանցվի գրեթե ամբողջ ատլանտյան ափին եւ կհասնի մինչեւ Փարիզի շրջան: