ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանn ուղերձով է հանդես եկել Ամանորի եւ Սուրբ Ծնդդյան տոների կապակցությամբ։
Ուղերձում ասվում է․
«Սիրելի հայրենակիցներ,
Շատ շուտով մենք դիմավորելու ենք 2021թվականը,
Անցնող տարին, թերեւս ամենածանր տարիներից մեկն էր նորանկախ Հայաստանի Հանրապետության ծննդից ի վեր։ Արցախյան պատերազմն ու նոր կորոնավիրուսային համավարակը խլեցին մեր սիրելիներից շատերին եւ ստեղծեցին սոցիալական, տնտեսական եւ հոգեբանական լրջագույն խնդիրներ։
Արցախյան պատերազմում հերոսաբար ընկածների տեղը դեռ շատ երկար ենք զգալու մեր կյանքում, բայց հենց հանուն նրանց մենք պիտի մեր արցունքների միջից ուժ գտնենք կյանքի կոչելու նրանց իղձերն ու երազանքները։ Թեկուզ ցավը մեր սրտերում ջանք չխնայենք ամրացնելու մեր անվտանգությունը, հաղթահարելու սոցիալական եւ տնտեսական մարտահրավերները, դնելու համազգային վերածննդի եւ նոր զարգացման հիմքերրը։
Հանուն հայրենիքի նահատակված հերոսների սիրելի ծնողներ եւ զավակներ, կանայք եւ ամուսիններ, քույրեր ու եղբայրներ, դուք հայրենիքին նվիրեցիք ձեր ամենաթանկը եւ հայրենիքը հավերժ հիշելու է ձեր անգին զոհողությունը։ Միեւնույն ժամանակ պետությունը ջանալու է ամեն րոպե լինել ձեր կողքին, թեթեւացնելու ձեր ուսերին ընկած ահռելի ծանրությունը։
Անհետ կորած եւ գերեվարված մեր տղաների ընտանիքների սիրելի անդամներ, պետությունն անդադար շարունակելու է իր աշխատանքները ձեր որդիներին օր առաջ ձեզ վերադարձնելու ուղղությամբ։
Այս պահին մարտական հերթապահություն իրականացնող մեր զինվորների սիրելի ծնողներ, արվելու է առավելագույնը մեր տղաների անվտանգությունն ու մարտունակությունը բարձրացնելու, զուգահեռաբար նրանց շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը կայունացնելու, եւ սրացումները կանխելու ուղղությամբ։
Իրենց բնակավայրերը կորցրած եւ ՀՀ-ում գտնվող սիրելի արցախահայեր, դուք այս պահին գտնվում եք մեր բոլորի մեծ տանը, բայց ուզում եմ հավաստիացնել, որ արվելու է առվելագույնը Արցախում ձեր տների վերականգնման եւ ձեր կյանքը արժանապատիվ շարուանկելու համար։
Սիրելի հայրենակիցներ, կենաց բարձրացնենք, եւ թեկուծ արցունքները մեր աչքերին, բայց խմենք բոլոր նրանց կենդանի կենացը, ովքեր ընկան, որ մյուսները ապրեն, ընկան, որ մեր հայրենիքում շարունակեն հնչել նորածինների ճիչերն ու մանուկների անհոգ ծիծաղը, ընկան, որ հայրենիքը կանգուն մնա։ Խմենք նրանց կենացը, եւ հանուն նրանց խոստանանք, որ 2021-ը լինելու է միմյանց նկատմամբ հոգատարության, համերաշխության եւ միասնության տարի՝ հերոսներին արժանի ապրելու տարի։
Խոստանանք, որ հանուն մեր երեխաների, հանուն մեր վաղվաՀայաստանի ու Արցախի ապագայի, Աստծո օրհնությամբ մենք ուժ ենք գտնելու վերածնվելու, ապրելու եւ զարգանալու։ Եվ, ուրեմն, բարի գալուստ վերածննդի տարի, բարի գալուստ 2021 թվական։ Շնորհավոր Ամանոր եu Սուրբ Ծնունդդ, սիրելի ժողովուրդ»։











