Այս պահին Նիկոլ Փաշինյանն ունի մեկ հիմնական խնդիր՝ իր վրայից գցել իրավիճկի ողջ պատասխանատվությունն ու մեղավորությունը, որը նա փորձում է իրարից տարանջատել: Այս մասին այսօր՝ հունվարի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Դա կլինի բանակի հրամանատարությունը, կլինեն նախկինները, կլինի հասարակությունը, թե մեկ այլ խումբ, ինքը փորձում է իր վրայից արածի պատասխանատվությունը մաքրել: Սակայն փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն ամբողջական պատասխանատվություն է կրում ոչ միայն պատերազմի վերսկսման, այլ ժամանակին դա չկանխելու եւ ամենավերջում մեր պետության, ժողովրդի, Արցախի համար նման ողբերգականփաստաթուղթ ստորագրելու համար: Այդ փաստաթղթի ստորագրումից կարճ ժամանակ նց պարզ դարձավ, որ իրականում մեր կորուստները շատ ավելի շատ են լինելու, քան այդ փաստաթղթում գրվածն է: Դա նաեւ տարածքային կորուստներն են: Այդ հայտարարությունից հետո դրանում չնախատեսված որոշ տարածքներ եւս անցան Ադրբեջանին: Արցախում դա Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերն էին եւ Դիզափայտ լեռը, որը ռազմավարական նշանակության բարձունք էր, իսկ Հայաստանում արդեն Որոտանի եւ Շուռնուխի հետ կապված հարցերն էին: Նախկին Զանգելանի եւ Կուբաթլուի շրջանները եռակող հայտարարությամբ Ադրբեջանին հանձնվող տարածքների մեջ չէին: Իսկ ռազմական գործողությունների ընթացքում, դրանց մի մասը, այդ թվում Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը պետք է գտնվեր ՀՀ վերահսկողության տակ:Սակայն ավելի ուշ վարչապետը խոստովանեց, որ դրանք ընդամենը բանավոր պայմանավորվածության ներքո հանձնվել են Ադրբեջանին: Այստեղ հարց է առաջանում, թե բանավոր պայմանավորվածությունների մեջ էլ ի՞նչ տարածքներ են մտնում: Այսինքն քանի դեռ Հայաստանում իշխում է այս վարչախումբը, մենք ունենալու ենք կորուստներ»,-ասաց նա՝ հավելելով, որ հասկանալի է, որ բանավոր պայմանավորվածությունները որոշակի փաստաթղթով ամրագրելու խնդիր է առաջանալու:
«Այսինքն այսօր այն, ինչ քննարկվում է օրինակ, ԱԱԾ տնօրենի Մոսկվա այցելրի ժամանակ, վերջերս նաեւ ՌԴ փոխվարչապետն էր այստեղ, նկատելի է, որ ռուս-թուրքական, նաեւ ռուս-ադրբեջանական հարթությունում ակտիվ քննարկումներ են ընթանում Արցախի հարցով: Ցավալիորեն նաեւ արձանագրենք, որ իրականում հայկական կողմը բացակայում է այդ պրոցեսից:
Այսօր Թուրքիան ու Ադրբեջանը նպատակ ունեն տարանցիկություն կասենք, թե միջանցք կասենք, որ Հայաստանով է անցնելու, նրանք ունեն մեծ պրոյեկտներ, եւ եթե ոմանք կարծում են, որ նրանք սահմանափակվելու են միայն կոմունիկացիաների բացվելու սկզբունքով, չարաչար սխալվում են: Նրանց գլխավոր նպատակը ամբողջական տարածքային կապ ունենալն է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ»,-ասաց Տիգրան Աբրահամյանը:











