Միայն վարձված, հոգեկան հիվանդ, աղանդավոր մարդիկ կարող են չհասկանալ, որ մեր ռազմաքաղաքական իշխանությունը դավաճանել է մեր բանակին։ Այս մասին այսօր՝ հունվարի 7-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։

«Միայն փողով վարձված մարդը, հոգեկան հիվանդ մարդը, աղանդավոր մարդը կարող է չհասկանալ, որ մեր ռազմաքաղաքական իշխանությունը դավաճանել է մեր բանակին, հետեւապես մեր քաղաքացիներին, որի հետեւանքում ստորագրել ենք խայտառակ կապիտուլյացիոն թղթի կտոր, որով կորցնում ենք ու կորցնելու ենք իմ ու իմ նմանների հայրենիքը, որի պատճառով 5 հազարից մահ իմաստազրկվել է։ Ըստ երեւույթին, իմ ելույթները տեղ են հասնում, ասում եմ այն, ինչ մտածում եմ, չեմ քողարկում իմ մտքերը։ Այո, սպառնալիքներ կան, հիմնականում սպառնում են Massanger-ով։ Ես ձեզնից չեմ վախենում, ես այս քաղաքում եմ ծնվել, մեծացել, այդ քաղաքի տղա եմ, այս երկրի տղա եմ, ես իմ երկրում ոչ ձեզնից եմ վախենում, ոչ քրեական գործերից եմ վախենում, ոչ էլ վախենում եմ իմ ոստիկանությունից, որ ասում եք՝ ոստիկանությունը մերն է, ինքը ձերը չի, ինքն իմն է, որովհետեւ դուք ոչ ազգ ունեք, ոչ պատիվ, ոչ էլ տղամարդկություն։ Դուք եք սպանել այդ տղերքին, հիմա որ գնում ու ֆոտո եք անում, ծաղիկ եք դնում մեղքի քավությո՞ւն է, թե՞ որ հետո քեֆեր եք անում, լացակումած սպաներով օղի եք խմում, գիտեք դուք սպա՞ եք, չէ, դուք սպա չեք, դուք դավաճան եք։

Չեմ մեռնելու մինչեւ ձեզնից վերջինը չդատվի։ Ժողովրդի բնազդը սկսվում է, երբ թուրքին է տեսնում, այդ ժամանակ սկսում է լայվ մտնել ու տուն վառել։

Փարաքյարի ճանապարհին ոչխար են ծախում, այդ ոչխարները չգիտեն, որ իրենց բերել են վաճառելու, որ մորթեն, չեն հասկանում։ Երբ գալիս են, խոսում են տիրոջ հետ, փողը տալիս են, կապում, գցում են մեքենան, էլի չեն հասկանում։ Էդ ոչխարին որ տանում ու գցում են մեքենայի մեջ, մնացած ոչխարները շարունակում են խոտն ուտել, էլի չեն հասկանում։ Էդ ոչխարին որ տանում են, կոկորդը կտրում են, կոկորդը կտրելու պահին է հասկանում՝ ինչ է իր հետ կատարվում։ Բացարձակ նույն իրավիճակն է»,- ասաց նա։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրին, որ հունվարի 11-ին սպասվում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը՝ Գրիգորյանն ասաց. «Այսօր ռուսական ԶԼՄ-ները հաստատեցին, որ հունվարի 10-11-ին ստորագրվելու է Մեղրիով Նախիջանից մայր Ադրբեջան անցնող ճանապարհի հարցերի որոշումը։ Այդ ճանապարհով թույլ են տվել նաեւ ռուսները եւ պարսիկները անցկացնեն ապրանքներ։ Դա նշանակում է, որ շուտով Հայաստանից կմնա Երեւանն իր արվարձաններով»։