Այդ երիտասարդի պնդումներն արդեն իրենց մեջ որեւէ լրջություն չեն պարունակում, որեւէ հավաստի աղբյուր չկա: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, թե ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Թուրքիայի գործակալ է, ով նաեւ փաստաթուղթ էր հրապարակել:
«Այդ երիտասարդը շատ երկար ժամանակ իր տեսաուղերձներում խոսում է Թուրքիայի գործակալ լինելու, այլ բաների մասին, եւ վերջում մի թուղթ է ցույց տալիս, այո, պետք է դեռ պարզվի այդ թղթի հավաստիությունը, որտեղ ընդամենը խոսվում է Հայաստանի ներսում ԱԱԾ-ի թղթի մասին: Բայց շատ երկար խոսվում է Թուրքիայի գործակալ լինելու մասին: Ի՞նչ նպատակ էր հետապնդում երկար խոսել Թուրքիայի գործակալ լինելու մասին եւ վերջում մի թուղթ հրապարակել, որտեղ խոսքը ՀՀ ԱԱԾ-ի հետ համագործակցության մասին է»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք Արարատ Միրզոյանը պատրչաստվում է իրավական գործընթաց սկսել, Հրաչյա Հակոբյան արձագանքեց. «Ես տեղյակ չեմ: Եթե կան հիմքեր, ապա այո, կարծում եմ՝ պետք է իրավական գործընթաց սկսվի: Եթե դա զրպարտանք է, վիրավորանք է, բոլորս էլ գիտենք, թե ինչ հիմքեր պետք է լինեն իրավական գործընթացի համար: Եթե սկսվի իրավական գործընթաց, փորձաքննություն էլ կարվի, կարծում եմ, ամեն ինչ էլ կարվի»:











