Ինչ-որ մեկը կարո՞ղ է ասել՝ ինչու է առ այս պահը ՀՀ-ում պահպանվում ռազմական դրությունը, ինչու ռազմական դրությունը չի հանվում․ ի վերջո, Ադրբեջանն ինչ ուզում, անում է։ Այս հարցն այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ հայտարարությունների ժամին հնչեցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ադրբեջանցի զինվորականները GPS-ը գրկած Սյունիքը ոնց ուզում, ձեւում են, գնացեք Ներքին Խնձորեսկ, ոնց ուզում, քանի մետր, քանի կիլոմետր, աջ-ձախ, հյուսիս-հարավ, գալիս են, նույնը Կապանի հարակից բնակավայրերում։ Ինչո՞ւ է պահպանվում ռազմական դրությունը, երբ այս իշխանությունը ռազմագերիների խնդրով, անհետ կորածների խնդրով, զբաղվում է ընդամենը «գալչկայի» համար»,- հայտարարեց պատգամավորը։
Նա նշեց, թե ռազմագերիների ծնողներից շատերը, հավատալով այն տեղեկությանը, որ իրենց որդիներն Արցախի հարավային հատվածից անցել են Իրան, անցել են Իրանի հատված․ «Մի քանի ծնողներ գնացել են Իրան, Թավրիզ, հանդիպել են մեր սրբազանի հետ եւ փորձել են կառչել գոնե այդ վերջին հույսից»,- ասաց նա՝ նշելով, թե զրուցել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ, քանի որ ծնողները դիմել են Զոհրաբյանին, խնդրել հասկանալ՝ զինծառայողների՝ Իրան անցնելու մասին տեղեկությունը համապատասխանու՞մ է իրականությանը։
«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի այս իշխանության փոխարեն կատարում է այս իշխանության պարտականությունները»,-նշեց նա։
Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ ադրբեջանցիները թույլ չեն տվել մեր հայրենակիցներին գնալ Դադիվանք, եթե մինչ այդ պահանջել են միայն գնացողների քանակ, այժմ արդեն նաեւ անուններ են ուզել։ «Մյուս օրն էլ արյան անալիզ կուզեն, հաջորդ օրն էլ կասեն՝ ոչ, ընդհանրապես թույլ չենք տալիս անցնել սահմանը»,-ասաց նա։











