Եթե Կառավարության անդամների երեխեքը զոհված լինեին, քանի՞ ժամվա մեջ անձնական սամալյոտով ԴՆԹ կանեին ու կբերեին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, Կառավարության դիմաց լրագրողներին ասաց 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած պայմանագրային զինծառայողի հայրը։
«Նոյեմբերի 15-ին մտել ենք Կարմիր խաչ, քարտեզով ցույց ենք տվել տեղը։ Նոյեմբերի 20-ին եղել եմ Ստեփանակերտ, ռուս խաղաղապահների եւ Կարմիր խաչի հետ միասին 3 «Գազել»՝ 36 հոգի տեղափոխել են Գորիս, Գորիսից ցրել են տարբեր մորգեր։ 3 կրուգ արդեն ֆռացել եմ մորգերը։ 36 հոգուց 6 հոգուն մինչեւ Նոր տարի են հողին հանձնել։ 36 հոգուն որ հանել են 20 օր հետո են հանել՝ եղել են անճանաչելի, հնարավոր է՝ տղաս անճանաչելի լինի։ Լրիվ կոդերը ճարել եմ, հիմա չգիտեմ՝ ուր է իմ տղան»,- ասաց նա։
Զինծառայողի հայրը նշեց՝ եթե իր որդին զոհվել է, թող դին տան, եթե գերի է ընկել, թող իրենց տեղեկացնեն։
«Եթե Կառավարության երեխեքը զոհված լինեին, քանի՞ ժամվա մեջ իրենց անձնական սամալյոտով ԴՆԹ կանեին ու կբերեին։ Ես շատ եմ կասկածում, իրենց տղերքը չեն կարող զոհվել, իրենց տղաները կարող են սեփական կազինոներում ու ստրիպտիզներում լինեն։ Մեր նմանների երեխեքը կարող են զոհվել։ Ես էլ չեմ լռելու։ Տարան մեր երեխեքին, ընկերներին մատաղի տվեցին։ Ես կորցնելու բան չունեմ, միակ տղուս եմ կորցրել։ Անճանաչելի զոհեր շատ կան։ Խաբում են, թե քիչ են։ Ամեն մորգ մտնելիս օղի եմ խմում, որ ռիսկս հերիքի՝ մտնեմ»,- ասաց անհետ կորած զինծառայողի հայրը։











