Մենք ունենք ճանապարհային քարտեզ՝ մինչեւ հունիս, հունիսից հետո նորից կանդրադառնանք արտահերթ ընտրությունների թեմային. այս խոսակցությունը դեռ շարունակվելու է հունիսին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը:
«Մենք կգնանք մեր քաղաքական օրակարգով, իսկ հունիսին նորից կխոսենք ժողովրդի հետ»,-ասաց նա:
Հարցին, թե աայդ դեպքում ինչո՞ւ իշխանությունը խոսեց արտահերթ ընտրություններից, եթե չէր պատրաստվում դրանք կազմակերպել, Արփի Դավոյանը պատասխանեց. «Որովհետեւ ընդդիմությունն անընդհատ պահանջում էր վարչապետի հրաժարական, որ իրենց թեկնածուն դառնա վարչապետ: Մենք էլ ասացինք, որ այդպես չէ, ժողովուրդը պետք է ընտրի իշխանություն, ԱԺ-ն էլ ընտրի վարչապետ: Բայց արտահերթ ընտրությունների գաղափարը մերժվեց»:
Անդրադառնալով նրան Նիկոլ Փաշինյանի վարկանիշը զգալիեորն նվազել է, «Իմ քայլի» պատգամավորը նկատեց, որ ցանկացած իշխանության վարկանիշ երբեք չի մնում այն, ինչ լինում է իշխանության գալու սկզբին. «Վարկանիշը կչափենք ընտրություններով»:
Արփի Դավոյանը համաձայն չէ, որ հանրության մեջ կա վարչապետի հրաժարականի պահանջ. «Եթե Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ լինի հանրության մեջ, հանրությունից կգան այդ ազդակները, նման ազդակներ հիմա չեն գալիս: Մենք քաղաքացիների հետ շփվում ենք այնպես, ինչպես միշտ շփվել ենք նախկինում, որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել»:
Հարցին, թե արդյոք ներքաղաքական դաշտում անկայուն վիճակ չունե՞նք, նա պատասխանեց. «Ներքաղաքական վիճակը փորձում են ապակայունացնել մի շարք անձինք իրենց հակասահմանադրական կոչերով, ամեն ձեւով փորձում են ցույց տալ, որ կան շատ մեծ խնդիրներ, սակայն քաղաքացիները մեծ խոհեմություն են դրսեւորում, տեսնում են՝ ովքեր են այդ մարդիկ, ինչ է կատարվում իրականում: Եթե իրենց կոչերն արձագանք չեն գտնում քաղաքացիների մեջ, պետք է հասկանան, որ իրենց կոչերը, մեր նկատմամբ թշնամական վերաբերմունք ձեւավորելու գործընթացը դրական արձագանք չի գտնում քաղքացիների մոտ, հետեւաբար առաջին հերթին իրենք պետք է վերանայեն իրենց բառապաշարը, գործողությունների ընթացքը»:
Ինչ վերաբերում է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, թե պետք է խոսել «Իմ քայլի» պատգամավորների հետ, բացատրել, որ դուրս գան այդ խմբակցությունից, Արփի Դավոյանն ասաց. «Ես վստահեցնում եմ ձեզ, որ «Իմ քայլը» կուռ է, ամուր է: Որեւէ խնդիր չունի իր ներսում, իր գործողություններում: Երբ Վազգեն Մանուկյանն ասում է, թե պետք է խոսել «Իմ քայլի» հետ, թող այլ մարդիկ գտնի խոսելու, իսկ «Իմ քայլի» հետ որեւէ պլան կամ որեւէ ընդհանուր խոսակցության թեմա չի կարող լինել: «Իմ քայլին» եւ իշխանություններին դավաճան պիտակավորումները եւս որեւէ արձագանք չեն գտել հասարակության շրջանում»:











