Perseverance մարսագնացը հաջող վայրէջք է կատարել Մարսի մակերեւույթի վրա: Բարեհաջող վայրէջքի մասին մարսագնացից փոխանցված տվյալները թռիչքի կառավարման կենտրոնում ընդունվել են բուռն ծափահարություններով:

Մարսագնացի գլխավոր խնդիրն է Կարմիր մոլորակի վրա բակտերիային կյանքի հետքերի որոնումը: Գիտնականները վստահ են, որ եթե Մարսում ինչ-որ ժամանկ կյանք է եղել, ապա դա համապատասխանում է 3-ից մինչեւ 4 մլրդ տարի առաջ եղած շրջանին, երբ մոլորակում դեռեւս ջուր է եղել:

Perseverance-ը վերջին մեկ ամսում Մարս ժամանած երրորդ տիեզերական սարքն է. ավելի վաղ նրա ուղեծիր էին դուրս եկել ԱՄԷ-ի եւ Չինաստանի ռոբոտները: Երեք առաքելություններն էլ երկրից հեռացել են 2020 թվականի հուլիսին, փոխանցում է BBC-ն:

ՆԱՍԱ-ի ղեկավարի պաշտոնակատար Սթիվ Յուրչիկն ասել է, որ սարքն ուղարկվել է առանձնապես դժվար պայմաններում՝ համավարկով եւ դրա հետ կապված նախազգուշական միջոցառումներով պայմանավորված, եւ դա միայն մեծացնում է հաջողության պատճառած ուրախությունը: Perseverance-ը սկաութ կլինի ապագա մարսագնացների համար, ասել է Յուրչիկը. հաջող վայրէջքի փորձը դյուրացնում է խնդիրը հաջորդ առաքելությունների համար:

Մարսի վրա վայրէջքը հեշտ խնդիր չէ: Ի տարբերություն Լուսնի, այն մթնոլորտ ունի, որը չափազանց դժվարեցնում է վայրէջքը. նման առաքելությունների միայն մոտ 40 տոկոսն է հաջողությամբ ավարտվում:

Վայրէջքից առաջ Perseverance-ը «սարսափի 7 րոպե» է վերապրել՝ մթնոլորտի վերին շերտերից Կարմիր մոլորակի մակերեւույթ անցնելու ժամանակը: Դրա համար այն արագությունը երկրորդ տիեզերականից (Մարսի համար դա մոտ 20 հազար կմ/ժամ է) նվազեցրել է մինչեւ հետիոտնի արագություն: Ամբողջ աշխարհից դիտողները ՆԱՍԱ-ի ինժեներների հետ միասին «սարսափի 7 րոպեները» վերապրել են աերոտիեզերական գործակալության կայքում ուղիղ հեռարձակման ժամանակ:

Մարսագնացը մեզանից գտնվում է հարյուր միլիոնավոր կիլոմետր հեռավորությամբ, ինչը նշանակում է, որ դրա հաղորդած ազդանշանները Երկիր են հասնում 10 րոպե ուշացումով: Եթե ինչ-որ պահի ինչ-որ բան ըստ ծրագրի չընթանար, ապա ֆիզիկապես անհնար կլիներ վայրէջքի հետագծի օպերատիվ շտկումը: