Այսօր հայրենիքի փրկության խնդիրն է, մնացածը կախված է ժողովրդից, իրավիճակից: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, ընդդիմության կազմակերպած հանրահավաքի ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Եթե իրենք վայրկյան շուտ տան հրաժարական, դա փրկություն է ազգի, ժողովրդի համար: Ես այսօր հստակ ասելու եմ, թե ինչ է պետք այս պահին ժողովրդի փրկության համար: Իսկ որոշողը ժողովուրդն է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է իր հայտարարությանը, որ արտահերթ ընտրությունների դեպքում ԲՀԿ-ն առանձին է մասնակցելու, մինչդեռ «Հայրենքի փրկության շարժումն» ունի վարչապետի իր թեկնածուն, Ծատռուկյանն արձագանքեց, որ «Հայրենիքի փրկության շարժման» խնդիրը հայրենիքի փրկությունն է, իսկ մնացած հարցերում ամեն մեկն ունի իր դիրքորոշումը. «Մարդիկ կան ուզում են մասնակցել, մարդիկ կան՝ չեն ուզում մասնակցել: Այսօր չմասնակցելով կայունություն չի կարող լինել: Եթե լարվածություն կա, կայունություն ու զարգացում չի կարող լինել»:
Ծառուկյանը հավելեց, որ իշխանությունը ոչ մի քայլ չկատարեց նախապատրաստվելու, դիրքավորվելու, բանակցելու ուղղությամբ. «Պատերազմն սկսվեց, ասում են՝ անակնկալ էր մեզ համար: Բայց ես 4 ամիս առաջ ասել էի: Եթե պատրաստվեին, ոչ պատերազմ կլիներ, ոչ այդքան զոհ կլիներ, ոչ էլ խայտառակ պարտություն կլիներ»:











