Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ որոշումը կհրապարակի այսօր՝ 15։00-ին։ Այս մասին դատարանի բակում ասաց Նարեկ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

«Տեւեց շատ կարճ։ Ես առաջարկեցի քննիչին այս գործի շրջանակներում հետախուզում հայտարարել նաեւ Սթիվեն Քինգին։ Խոսքը վերաբերում է նրան, թե Նարեկն իբր կոչ է արել՝ բռնություն գործադրել ինչ-որ անձնաց նկատմամբ՝ պայմանավորված նրանց քաղաքական հայացքներով»,- ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ այս իշխանության օրոք օրենքը, օրինականությունը, իրավունքը հավասարվել է զրոյի. «Միշտ մտածում էի, որ ապօրինի կալանքի ենթարկված մարդը, երբ գլխավորի պետությունը, ամեն ինչ կանի, որ դա էլ ոչ ոքի հետ չկրկնվի։ Ցավոք, եղավ հակառակը, նա շատ ավելի ապօրինի ձեւով է մարդկանց հետապնդում, քան երբեւէ հետապնդվել է ինքը կամ իր ընկերները։ Դաժան օրինաչափություն է, եւ իրենք ավելի ստոր են լինում իրենց հետապնդումների մեջ։ Պայքարելու ենք մինչեւ վերջ, հասնելու ենք արդարությանը մեր երկրում»։

Աթանեսյանը նշեց, որ Նարեկ Մալյանը մինչեւ բերման ենթարկելը ստացել էր ծանուցագիր՝ նյութերով ներկայանալու, որն իրենք չէին մերժել, նշել են, որ երկուշաբթի օրը հարմար է ներկայանալու համար։

«Դրանից հետո այս հարձակումը տեղի ունեցավ, սա Նարեկին ազատազրկելու, պերֆորմանսը ցույց չտալու համար էր։ Իշխանության համար այդ պերֆորմանսի վատն այն էրր, որ Նիկոլայ եւ Ելենա Չաուշեսկու կա, երեւի մեր «Ելենան» հուզվել էր դրանից՝ իմանալով, ինչ ապագա կարող են ունենալ իրենց դավաճանության համար։ Ցավոք ապրում ենք զավեշտում, ապրում ենք սարսափում»,- ասաց Աթանեսյանը։

Տիգրան Աթանեսյանը նշեց, որ այս գործով Նարեկ Մալյանը կալանավորվել չի կարող, քանի որ ՀՀ ՔՕ այդ հոդվածով անձը առհասարակ չի կարող կալանավորվել, վատագույնը 72 ժամ մնալն է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աթանեսյանը տեղեկացրել էր, որ Նարեկ Մալյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 226.2 հոդվածի 1-ին մասով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։

Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում նախատեսված էր Մալյանի բեմադրած «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» պերֆորմանսի ցուցադրությունը, սակայն մինչ այդ նա ձերբակալվել էր։