Ձերբակալվում են մարդիկ, ովքեր ակտիվ հակաքարոզչություն են իրականացնում ադրբեջանական իշխանությունների դեմ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով Կարեն Բեքարյանի եւ Արա Սաղաթելյանի վերաբերյալ քրեական գործին։
«Պատերազմի ժամանակ 44 օր մեզ կերակրում էին ստերով, ֆեյք նորություններով, պետական մակարդակով խաբեցին մարդկանց։ Նույնիսկ խաբեցին Արցախում ապրողին, որը նայում էր էդ լուրերը եւ մտածում էր՝ ինքն ապահով է։ Հիմա ո՞վ է պատասխան տալու, ինչո՞ւ ԱԱԾ-ն, ոստիկանությունը չեն բռնում այն մարդկանց, ովքեր Արծրունին ստիպում էին 44 օր ստել։ Ինչո՞ւ Արծրունին չեն կանչում հարցաքննության։ Մի՞թե ԱԱԾ-ի հիմնական գործը լինելու է ֆեյք-ֆեյք խաղալը, ԱԱԾ-ն ավելի լուրջ խնդիրներ չունի՞», - ասաց Գեղամ Նազարյանը։
Նազարյանը նշեց, որ խախտվում են Կարեն Բեքարյանի իրավունքները. «Ուզում եմ դիմել մեր բարեկամ երկրների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ԵՄ-ի բոլոր երկրների դեսպաններին, ինչո՞ւ ծպտուն չեք հանում, Կարենը Նավալնու չափ չկա՞. սա՞ է ձեր ժոողովրդավարությունը»։











