Այսպիսի քրեական գործն այսպիսի հանգամանքներում ամոթալի է ցանկացած պետության հատուկ ծառայության համար։ Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Արա Սաղաթելյանի եւ Կարեն Բեքարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործին։

«Մեղադրանքներից մեկն այն է, որ այդ ֆեյքը քննադատում էր իշխանություններին եւ այլընտրանքային տեղեկություն էր տալիս, այսինքն` Արծրունը, որ խաբում էր բոլորիս, դա հանցագործություն չէր, բայց որ ինչ-որ ֆեյք տալիս էր այլընտրանքային տեղեկություն, որ կարելի է տեսնել, որ ճշմարտության բավականին մեծ հատված ուներ եւ հանրային վտանգավորություն իրենից չէր ներկայացնում, այսօր իշխանությունները համարում են հանցագործություն: Եվս մեկ կարեւոր հանգամանք, որ Սահմանադրական դատարանի կողմից կասեցված է այդ արարքի քրեականացումը, եւ այս պայմաններում պետությունը հանցագործություն է համարում: Սա նշանակում է, որ գործ ունենք մարդկանց հետ, որ ուղղակի իրավունք չունեն որեւէ մեկի աչքին  նայեն ասեն՝ մենք իրավաբան ենք, խոսքը վերաբերում է այս գործով քննիչի գործառույթ իրականացնող իրավաբաններին»,- ասաց նա:

Անդրադառնալով Վահագն Վարագյանի աղմկահարույց այն հայտարարությանը, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը պատվիրել է կալանավորել հարուցված քրեական գործով մեղադրյալներին՝ Մելիքյանն ասաց. «Վահագն Վարագյանը բարձրաձայնել է փաստ, որը վերաբերում է ստուգելի երեւույթների՝ դատարանի նախագահը կոնկրետ վայրում է եղել, մարդիկ են ներկա եղել, եւ հստակ եղել են ձեւակերպումներ, որ աներկբա ձեւով վկայում են դատավորի նկատմամբ կոնկրետ գործով ճնշում գործադրելու մասին: Ունենք դատական իշխանությունում մարդիկ եւ իրավիճակներ, երբ ոչ թե պատվերն է առաջնահերթ, այլ իրավունքի գերակայությունը, եւ ես հույս ունեմ, որ այսօր մենք կունենաք իրավունքի գերակայության հաղթանակ, այլ ոչ թե խայտառակության հաղթանակ»: